Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Վարչապետ Փաշինյանը շարունակում է «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերները»: Նախօրեի սկանդալին հաջորդած առավոտյան Փաշինյանը կրկին անդրադառնում է այդ ոճին ու թեմային:
Նպատակի առնվազն մի շերտը հասկանալի է՝ «փոխել ալիքը», որ առաջացրել է նախօրեի ամոթալի դրվագը:
Սակայն, Փաշինյանի այս ոճն ու թեման ունեն թերեւս ավելի լայն մղում: Դրանցից մեկի մասին ես խոսել եմ օրեր առաջ՝ ցրել սեփական էլեկտորատի, սեփական թիմի, ու եվրոպական վերնախավի հնարավոր կասկածները:
Մյուս ավելի լայն նպատակը՝ ներքաշել Սամվել Կարապետյանին ու ընդդիմադիր առաջատար ուժերին, այսպես ասած, ճակատային «լեզվակռվի» մեջ: Սա մոտավորապես նման է այն «մարտահրավերին» կամ «ձեռնոցին», որ Նիկոլ Փաշինյանը նետում էր նախկին նախագահներին՝ արցախյան թեմայով ուղիղ եթերում բանավիճելու մասով: Նախկին նախագահներից որեւէ մեկը չարդարացրեց նրա հաշվարկը, չվերցրեց «ձեռնոց-խայծը» եւ չհայտնվեց «թակարդում»: Եվ, իհարկե, խիստ տարօրինակ կլիներ, եթե նրանցից որեւէ մեկը դրսեւորեր այդ խայծը կուլ տալու միամտություն:
Այժմ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է նույն տրամաբանությունը՝ այլ տարբերակով, արդեն ներառելով նաեւ ընդդիմության ակնառու առաջատար ուժն առաջնորդող Սամվել Կարապետյանին: Կրկնեմ՝ հաշվարկը ճակատային «փոխհրաձգություն» հրահրելն է: Պետք է արձանագրել, որ այդտեղ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան քաղաքական «երկնակամարի» անգերազանցելի «աստղ» է: Այդ իմաստով, նա, իհարկե, ձգտում է ստեղծել իրավիճակ, խթանել, անգամ հրահրել իրավիճակ, որտեղ առավելագույնս կօգտագործի իր «գերազանցությունը»:
Առայժմ, կարծես թե, չի ստացվում: Ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդները ձեռնպահ են մնում նրա այդ հաշվարկն էլ արդարացնելուց: Արձագանքներ լինում են բնականաբար, որոնք սակայն ճակատային փոխհրաձգության տրամաբանության մեջ չեն: Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր առաջատար ուժերը շարունակում են ավելի շատ կենտրոնացած լինել հանրության հետ հաղորդակցության, քան Փաշինյանի հետ «փոխհրաձգության» վրա:
Նաեւ սա է ստեղծում այն նյարդային մթնոլորտը, որ ակնհայտորեն առկա է Նիկոլ Փաշինյանի վարքագծային արեալում»:
