Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան
Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու` բանտարկության տոնն է: Այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը։
Առաջին հայացքից, այսօրվա մարդու համար միգուցե տարօրինակ հնչի «սոսկալի չարչարանքների և բանտարկության» ՏՈՆ հասկացությունը:
Նախ այդ չարչարանքներն ու բանտարկությունը իմաստավորված են հստակ նպատակով և հանուն ճշմարտության և արդարության են: Այդ պատճառով է Սբ Գրիգոր Նարեկացին ցնծում. «Արասցես տօն ինձ բերկրութեան զօրն իմ տագնապի» (Իմ տագնապի օրը բերկրության տոն դարձրու):
Եվ երկրորդ` այն ծառայեց մի ամբողջ ժողովրդի ազատությանն ու ազատագրությանը, ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, որում «ամենարուեստ իմասութեամբ Քո դարձուցանես յայգ զստուերս մահու» (Քո ամենարվեստ իմաստությամբ մահվան ստվերը վերածում ես այգաբացի. Սբ Գրիգոր Նարեկացի):
Այն սկիզբը դարձավ Հայոց Մեծ Դարձի` դեպի Աստված ճանապարհորդության և նրա հետ Հաշտության:
Ահավասիկ «սոսկալի չարչարանքները և Խոր Վիրապում բանտարկությունը» տոնելու իմաստն ու էությունը:
Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի և առանց այն վճարելու, առանց զրկանքների, տառապանքի, զոհաբերության, հաստատ համոզումի, կամքի, հավատքի, հույսի և վերջապես սիրո զոհաբերական սիրո, այն ձրիաբար չի տրվի: ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԵՐՆ Է. ԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԻՐՈՒՑ ԵՎ ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՍԻՐՈՎ ԴԱՌՆԱԼՈՎ ՍԻՐՈ ՊՍԱԿԸ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՀԵՏ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԶԱՎԱԿԸ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է;
Այո’, այսօր ճշմարտության և արդարության, մեր երկրի ազատագրության` Նոր Դարձի, մեր ժողովրդի ազատության համար պայքարող բոլոր կալանավորվածների, հալածվողների, բռնության ենթարկվածների, ազատազրկվածների և «մահվան ստվերի միջով» անցնողների ՏՈՆՆ է, հատկապես նրանց, ովքեր անբեկանելի և անքննարկելի համոզումն ունեն, որ այս խավարի գբում գտնվելու արդյունքը ԱՅԳԱԲԱՑՆ է լինելու, ովքեր իրենք իրենցով կրում են Այգաբացը:
Շնորհավոր բոլորիդ տոնը…
Թող Սուրբ Լուսավորիչ Հայրապետի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ Մուտքի տոնի խորհուրդն ու շնորհը առաջնորդի մեզ մեր կյանքի Լույսին ու Լույսի Հաղթանակին, քանի որ
Հաղթանակն այլընտրանք չունի…
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
21.03.2026
Ի Տօնի Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ
սոսկալի չարչարանացն եւ մտնելոյն ի վիրապն
