4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մելքոն Չ․-ն և նրա 3 ուղևորները տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
