Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր երկրի նախորդ բոլոր նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ միշտ էլ այս կամ այն հարցերի վերաբերյալ եղել են դժգոհություններ: Եղել են օբյեկտիվ դժգոհություններ, եղել են նաև սուբյեկտիվ դժգոհություններ: Եղել են միֆականացված և հետևողական քարոզչությամբ ուռճացված դժգոհություններ: Բայց եղել են նաև արդարացի ու հիմնավորված դժգոհություններ: Հիմնականը՝ դժգոհություններ եղել են, սխալներ, թերություններ, անընդունելի երևույթներ եղել են: Սա որևէ մեկը չի վիճարկում: Ավելին, ակնհայտ է, որ եթե երկրում չլինեին խորքային խնդիրներ ու դժգոհություններ, 2018-ի փորձանքն էլ չէր լինի՝ իր աղետաբեր հետևանքներով:
Դա նշանակում է կազմաքանդել պետականությունը, կրծել պետության հիմքը:
Օրերս նշել էինք, կրկնենք. խոսքը Սահմանադրության նախաբանում գրված մեկ կամ երկու նախադասության մասին չէ: Խոսքը կամ Փաշինյանի ցանկությունը Անկախության հռչակագիրը վերացնելն է: Դա, եթե կարճ ու կոնկրետ՝ նշանակում է Հայաստանի Հանրապետության լուծարում: Կազմաքանդում, էլի:
Ի դեպ, արդեն կան տեղեկություններ, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների մասին: Թռուցիկ հայացքն իսկ բավարար է հասկանալու համար անհայտը. բոլոր այդ փոփոխությունները, որոնք փորձ է արվելու անցկացնել, այո, պետության կազմաքանդման մասին են, արժեքային համակարգի ու ազգայինի կազմաքանդման մասին են: Այսինքն, սահմանադրական «կնիք» դնելու այն ամենի վրա, ինչի համար եկել են իշխանության:
Այս տեմպերով վաղը, մյուս օրը Հայաստանում հայ կոչվելը կհամարվի կոնֆլիկտի հրահրում: Այն շղթան, որը շանտաժով ու պատերազմի սպառնալիքներով գծում ու նախագծում է Փաշինյանը, վերջնական հանգրվանում հանգում է հենց պատմության մոռացմանը, ազգային ինքնության ուրացմանը, մարդկային էության զրոյացմանը, մեծ հաշվով՝ չգոյությանը...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
