«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գործող իշխանությունները մեկը մյուսի հետևից սպոնտան որոշումներ են կայացնում։ Մե՛կ թոշակներն ու նպաստներն են բարձրացնում, մե՛կ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, մյուս կողմից հայտարարում են, որ Երևանում և տարբեր համայնքներում մանկապարտեզներն անվճար են դառնալու, մեկ էլ հայտարարում են, որ 0 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր են տրամադրելու։ Չեն մոռանում ամենօրյա ռեժիմով հիշեցնել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին, որը, սակայն, կարծեք թե, կյանքի է կոչվել բուժաշխատողների աշխատավարձերի հաշվին։ Այն, որ սրանք նախընտրական շրջանով պայմանավորված քայլեր են, ակնհայտ է, բայց մեր բյուջեն պատրա՞ստ է այս բեռը կրելուն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրական ռիսկեր կան։ «Սոցիալական ընթացիկ ծախսերի կտրուկ ավելացումն իրական ռիսկեր է բերում, որոնք նախ և առաջ կարող են ունենալ իրական սոցիալական հետևանքներ՝ պայմանավորված գնաճով։ Այդ մասին խոսել է նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահը և իրավացիորեն նշել է, որ սա գնաճային ճնշումների կարող է հանգեցնել։ Դրա փոխարեն առաջարկում էինք, որ օբյեկտիվ կլիներ և տնտեսական առումով հիմնավորված, եթե այս սոցիալական բարձրացումները, որոնք խոստացել էին իրենց ծրագրերով, իրականացնեին փուլային՝ հինգ տարվա ընթացքում, ոչ թե կտրուկ կերպով՝ պաշտոնավարման ժամկետի վերջում։ Պարզ է, որ հետապնդում են զուտ նեղ քաղաքական նպատակ։ Ցանկանում են ընտրություններից առաջ ընտրողի քվեն շահել, բայց այս գործողությունների բեռը, բնականաբար, կրելու է մեր տնտեսությունը։ Երկրորդը՝ բյուջեի եկամուտների մասով. այո՛, պետական բյուջեի եկամուտների աճը համարժեք չէ ընթացիկ ծախսերի աճին, և ընթացիկ ծախսերի այս կտրուկ բարձրացումը կարող է բերել մակրոտնտեսական որոշակի անկայունության։ Բյուջեն պլանավորել ես կոնկրետ եկամուտների պարագայում, բայց ընթացքում ընթացիկ ծախսերը կտրուկ ավելացնում ես։ Այսպես, եկամուտները չեն աճում, ուրեմն պետք է ավելացնես պետական բյուջեի դեֆիցիտը, այսինքն՝ կա՛մ ներքին պարտքը, կա՛մ արտաքին պարտքը։ Պետք է արձանագրենք, որ այս գնաճը և պետական բյուջեի դեֆիցիտի ավելացումը կարող են հանգեցնել նաև ազգային արժույթի որոշակի արժեզրկման, այդ արժեզրկման ռիսկն իրապես կա, և դա իր հերթին նորից շղթայաբար բերելու է գնաճի և այլ բացասական հետևանքների։ Կարճ ասած՝ ակնհայտ է, որ նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր՝ մակրոտնտեսական իմաստով, ընդհանուր տնտեսության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Մենք պարբերաբար նաև ականատես ենք լինում, որ տարբեր երկրներ (վերջին շրջանում կարծես առավել ակտիվ է Եվրոպական միությունը) խոստանում են ներդրումներ կատարել Հայաստանի այս կամ այն ոլորտում։ Օրինակ՝ օրերս Վերականգնման վարկերի բանկի տնօրենը և Հայաստանի ֆինանսների նախարարը ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնք ուղղված են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանին վարկ կամ դրամաշնորհ է տրվում, բայց կարծում ենք, որ կհամաձայնեք՝ նախընտրական շրջանում հանրությունն առավել կասկածամիտ է դառնում՝ սրա հիմքում Հայաստանի իշխանություններին քաղաքական աջակցությո՞ւնն է, թե՞ մեր երկրի այս կամ այն ոլորտը զարգացնելու իրական ցանկությունը։

Պատգամավորը նախ իր մի մտահոգության մասին է բարձրաձայնում։ «Խոստումները, որոնք հիմնականում տրվում են նախընտրական փուլերում, հատկապես այս իշխանության օրոք, տարբեր ներդրումների, աջակցության ծրագրերի և այլնի մասին, հետո չեն իրականանում։ Հիշում ենք 2,6 միլիարդ եվրոյի ծրագրի մասին, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում ակնկալվող մեծ արդյունք կար ձևակերպված։ Տարիներն անցան, բայց այդ ծրագիրը, մեղմ ասած, չիրականացվեց։ Այդ սպասումները, որոնք առաջանում են և հետո չեն իրականացվում, ավելի շատ բացասական հետևանքներ են թողնում։ Իսկ ինչ վերաբերում է, որ նորից խոստումներ են տալիս, սպասումներ առաջացնում, կարծում եմ՝ մեր հանրությունն էլ, քաղաքացիներն էլ արդեն պետք է իրենց փորձով հետևություններ անեն, այն է՝ նախորդ փուլում ինչ խոստացան և ինչ իրականացրեցին։ Դրա ներքո պետք է դիտարկեն այս նոր խոստումները»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ այն հարցադրմանը, թե այս խոստումներն իրենց մեջ ավելի շատ քաղաքական գործոն են պարունակո՞ւմ, թե՞ տնտեսական, Ավետիսյանն արձագանքում է. «Ընդհանուր առմամբ, շատ դժվար է տարանջատել, որովհետև պրոցեսն ինքնին քաղաքական է, և աջակցության նման ծրագրերը, այո, նաև քաղաքական բաղադրիչ ունեն։ Այստեղ շատ կարևոր է, որ տեղի ունեցողն իրական դաշտում լինի, ոչ թե զուտ պոպուլիստական նպատակադրումներից ելնելով։ Կարևոր է, որ գործ ունենանք իրականությանը համապատասխանող ծրագրերի հետ»,հավելում է նա։

Մեր տարածաշրջանը ևս վայրիվերումների փուլում է։ Ավաղ, Իրանի դեմ պատերազմը շարունակվում է, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ոչ միայն ընդհանրապես համաշխարհային, այլև Հայաստանի տնտեսության վրա։ «Տարածաշրջանը գտնվում է տուրբուլենտության մեջ։ Աշխարհաքաղաքական բարդ վիճակը և փաստացի պատերազմը չի կարող տարածաշրջանի որևէ երկրի վրա չունենալ տնտեսական անվտանգության իմաստով բացասական ազդեցություն։ Երկրորդ՝ Իրանը մեր արտահանման և ներմուծման հիմնական ուղղություններից մեկն է։ Ունենք երկու հիմնական ուղղություն, որոնցից մեկը վտանգված է, և, ըստ էության, այստեղ լուրջ խնդիր է առաջանալու նաև այդ ուղղությամբ և՛ արտահանողների, և՛ ներմուծողների, և՛ մեր բիզնես հանրության համար։ Երրորդ՝ ի վերջո, շատ կարևոր է, որ այսպիսի իրավիճակներում շատ ներդրումային ծրագրեր, որոնք գալիս են տարածաշրջան, այդ թվում՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները զարգացնող կամ առանձին երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ձևով իրականացվող ծրագրերը, վստահաբար հետաձգվում են, որովհետև կա անորոշություն և ռիսկ։ «Վառվող» տարածաշրջանում ներդրումներ իրականացնելուց ձեռնպահ կմնան, դա էլ ակնհայտ է։ Եվ, վերջապես, շատ բարդ է ասել, թե որքան կտևի, ինչ հանգուցալուծում կունենա այս պատերազմը։ Ինքնին սա է անորոշ ամբողջությամբ, և այս բոլոր անորոշությունները, եթե գումարեք, դրանք ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական, այլ կոնկրետ տնտեսական չափելի ռիսկեր են»,եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

դիտվել է 132 անգամ
Լրահոս
«Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել Ագաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքում ԱՄՆ-ն կարող է գրավել Խարգ կղզին ցանկացած պահի. Սպիտակ տուն «Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»․ Արաղչի Հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվող Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտին Թեհրանը համաձայն․ Արաղչի Ուժեղ բանակ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով և հագեցված նորագույն համակարգերով. «Ուժեղ Հայաստան» Ինչ են հայտնաբերել շաուրմայի մեջ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազան հարձակման է ենթարկվել Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների դեմ հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից Իրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջանում Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» «Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի հետ»․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ իրանագետ Իսրայելը երկու նոր ալիքով հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Բռնության ենթարկված փոքրիկի կենսաբանական մայրը 5-րդ երեխային է սպասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am