Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին
Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհի վրա այսօր՝ Իսրայելի ժամանակով ժամը 16:05-ին, իրանական հրթիռ է ընկել։ Բարեբախտաբար, այդ պահին ճանապարհին որևէ հայի մեքենա չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, վերջին տարիներին Հայկական պատրիարքարանին կից «Կովերի պարտեզ» անունը կրող տարածքի պահպանությանը մասնակցող Բեդիկ Կիրակոսյանը։
Նա նշել է, որ այս ընթացքում հայ համայնքում զոհեր և վիրավորներ չեն եղել։ «Մենք, ինչպես Իսրայելի մյուս քաղաքացիները, կազմակերպված պաշտպանվում ենք, զգուշություն ենք ցուցաբերում և սպասում ենք պատերազմի ավարտին»,- ասել է նա։
Անդրադառնալով այսօրվա պայթյունին՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ մեծ բարեբախտություն է եղել, որ տվյալ պահին որևէ հայի ավտոմեքենա չի անցել այդ ճանապարհով, քանի որ խոսքը հայկական թաղամաս տանող կարևոր ճանապարհի մասին է, որով ամեն օր բազմաթիվ հայեր երթևեկում են տարբեր գործերով և վերադառնում թաղամաս։
