ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական անվտանգության ծառայությունը մարտի 20-ին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող և ղեկավարվող «ահաբեկչական ցանցի» վերացման և դրա անդամների ձերբակալման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
ԱՄԷ-ն մեղադրել է ձերբակալված անձանց «երկրի ներսում կեղծ բիզնեսի քողի տակ գործելու և ազգային տնտեսություն ներթափանցելու ու երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող արտաքին սխեմաներ իրականացնելու համար»։
Գործակալությունը պարզաբանում է, որ ցանցը, գործելով «Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ կապված արտաքին դերակատարների հետ նախապես մշակված ռազմավարական սխեմայով, խախտել է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և ազգային անվտանգությանը սպառնացող տնտեսական և իրավական կարգավորումները։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ազգային տնտեսությունը կամ քաղաքացիական ինստիտուտներն ահաբեկչական կամ դավադրության նպատակներով շահագործելու ցանկացած փորձի դեմ իրենք կգործեն վճռականությամբ և ուժով՝ թույլ չտալով որևէ արտաքին միջամտություն, որը կսպառնա պետության անվտանգությանը կամ կայունությանը։
Հրապարակվել են հինգ բանտարկյալների լուսանկարները՝ առանց նրանց ինքնությունը նշելու։
