Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մարտի 20-ին չնախատեսված այցով մեկնել է Իսրայել՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և Լիբանանում հրադադար ապահովելու ջանքերի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ժան-Նոել Բարոն Իսրայելի իշխանությունների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգության և մարդասիրական օգնության հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտությունների ապաէսկալացման փորձերը։Ավելի վաղ Բարոն այցելել էր Բեյրութ և հանդիպել Լիբանանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ՝ իր աջակցությունը հայտնելով Լիբանանի զինված ուժերին, որոնք, նրա խոսքով, փորձում են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Բարոյի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ։
Ըստ հաղորդագրությունների՝ Իսրայելը մերժել է Բեյրութի կողմից ուղիղ բանակցությունների առաջարկը՝ այն համարելով չափազանց քիչ և չափազանց ուշացած։Բարոն Լիբանան մեկնելուց առաջ զրուցել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 1001 մարդ, այդ թվում՝ 79 կին, 118 երեխա և 40 առողջապահական ոլորտի աշխատակից: Վիրավորների թիվը հասել է 2584-ի:
