Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն
Իրանական հարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը՝ պատճառ դառնալով տարեկան մոտ 20 միլիարդ դոլարի եկամտի կորստի և վտանգելով մատակարարումները Եվրոպա ու Ասիա։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է QatarEnergy-ի գործադիր տնօրեն և էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ ալ-Քաաբին։
Սաադ ալ-Քաաբին նշել է, որ աննախադեպ հարվածների հետևանքով վնասվել են Քաթարի հեղուկացված բնական գազի 14 հոսքագծերից երկուսը և գազից հեղուկ ստանալու երկու կայաններից մեկը։ Հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ վերանորոգման աշխատանքների պատճառով տարեկան 12,8 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի արտադրությունը կդադարեցվի երեքից հինգ տարով։
«Ես նույնիսկ իմ ամենահամարձակ երազներում չէի պատկերացնի, որ Քաթարը և տարածաշրջանը կենթարկվեն նման հարձակման, հատկապես եղբայրական մուսուլմանական երկրի կողմից՝ Ռամադան ամսին»,- ասել է Քաաբին։
Քաաբիի խոսքով՝ պետական QatarEnergy-ն ստիպված կլինի մինչև հինգ տարի ժամկետով ֆորս-մաժոր հայտարարել Իտալիա, Բելգիա, Հարավային Կորեա և Չինաստան ուղարկվող հեղուկացված բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի մասով՝ երկու վնասված հոսքագծերի պատճառով։
«Սրանք երկարաժամկետ պայմանագրեր են, որոնց համար մենք պետք է ֆորս-մաժոր հայտարարենք։ Մենք արդեն հայտարարել էինք, բայց դա ավելի կարճ ժամկետի համար էր։ Հիմա դա կտևի այնքան, որքան կպահանջվի»,- նշել է նա։
