Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News
Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Այս մասին Makaryan News-ին հայտնում են Քննչական կոմիտեիւց։ Խոսքը, հիշեցնենք, Աբովյան փողոցում գործող «Մարտինի ռոյալ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Սամվել Ալեքսանյանի թոռնուհու համար վիճաբանության մեջ էին մտել «Զովք» սուպերմարկետի սեփականատերերից Արամ Արամյանի որդին՝ Գևորգը, և «Երևան սիթի» սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի քրոջ թոռը՝ վերոնշյալ թոռնուհու հարազատ եղբայրը։ Վերջիններս, ի դեպ, «Մոբայլ սենթր» հեռախոսների վաճառքով զբաղվող ամենախոշոր ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանի քրոջ որդին ու դուստրն են։
Թե մասնակիցներից կոնկրետ ում նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում,որ կողմի ներկայացուցիչներն են հայտնվել բացակայելու արգելքի տակ, Քննչական կոմիտեից մեզ չասացին։
Մենք գրել էինք, որ միջադեպից հետո երիտասարդների վեճը տեղափոխվել էր արդեն մեծերի դաշտ, և գործին խառնվել են «Զովքի» սեփականատեր Արամ Արամյանն ու «Երևան սիթիի» սեփականատեր, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Մեզ ասացին՝ Ալեքսանյանը չի ներել Զովքի Արամի որդու պահվածքը իր քրոջ թոռան նկատմամբ։ Արդյունքում թեմային միջամտել են օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանից դուրս, որպեսզի հաշտեցնեն կողմերին։ Մասնավորապես, հարցը փորձել են կարգավորել ռուսաստանաբնակ օրենքով գող Շաքրո Մոլոդոյը (Արամի Արամյանի խնդրանքով), և Ուկրաինայում բնակվող գող Նոդարը, որին Սամվել Ալեքսանյանն է դիմել։ Նաև հայաստանյան գողեր են խառնվել հարցին, ու թեև, ասում են, Սամվել Ալեքսանյանը այլոց ներկայությամբ պատժել է «Զովքի» Արամի որդուն ու այդպիսով հարաբերական «հրադադար» է հաստատվել, սակայն այնպես չի, թե ներել է հակառակորդ կողմին կամ հաշտվել նրանց հետ։ Ավելին, մեզ ասացին նաև, որ Սամվել Ալեքսանյանը, հավանաբար դիտավորյալ, գնել է Հյուսիսային պողոտայի այն տարածքը, որտեղ այս պահին վարձակալության հիմունքներով գործում է «Զովքի» մասնաճյուղը, որն, ի դեպ, վերջերս Քննչական կոմիտեի որոշմամբ մի քանի օրով կապարակնքվել էր և չէր գործում։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, ու զարմանալիորեն որևէ կերպ մամուլում այս մասին տեղեկություն չէր հայտնվել։ Ասացին՝ հնարավոր բոլոր տարբերակներով կողմերը, հատկապես՝ «Զովքի» տերերը փորձել են փակել հավանական բարձրաձայնողների բերանն ու այնպես անել, որ աղմուկ չբարձրանա, հանրային հնչեղություն չստանա հարցը։ Անգամ իրավապահ համակարգն ՝ «իրեն առընթեր» լրատվամիջոցներով, այս թեման փորձել են ծածկադմփոց անել, որ ոչ ոք չիմանա, թեև քաղաքում շատերն են տեղյակ միջադեպից։
