27.6 հա տարածք կտրամադրվի Աղվան Հովսեփյանի խնամուն
Երեւանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Նախագծում նշված է, որ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:
«Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր է մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիր իրականացնել:
Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել և 60 ամսվա ընթացքում կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն:
Կլինեն նաև գերժամանակակից ատրակցիոններ, որոնք տեսակով եզակի կլինեն:
Ծրագրով նախատեսվում է նաև, որ հանգստի և ժամանցի կենտրոնում բացվելու է մոտ 350 նոր աշխատատեղ:
Հիշեցնենք, որ Գարեգին Նուշիկյանը Աղվան Հովսեփյանի խնամին է:

