Թրամփի ավագ տնտեսական խորհրդականը Չինաստանի «երախտագիտությունն» է ակնկալում՝ Իրանի դեմ պատերազմի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով ավագ խորհրդականը հույս է հայտնել, որ Չինաստանը «երախտագիտություն» կցուցաբերի Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի գործողությունների համար՝ հավելելով, որ հակամարտության ավարտից հետո Թրամփը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
«[Նրանք] լավ ընկերներ են և երբ այս պատերազմն ավարտվի, իսկ դա շուտով տեղի կունենա, ես համոզված եմ, որ նրանք կհանդիպեն և խոսելու շատ թեմաներ կլինեն», - CNBC-ին տված հարցազրույցում ասել է Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Հուսով եմ, որ չինացիները երախտագիտություն կհայտնեն այն ամենի համար, ինչ արել է նախագահ Թրամփը»։
Ի սկզբանե հանդիպումը պետք է կայանար հաջորդ ամիս՝ Չինաստանում, սակայն ԱՄՆ-ն խնդրել է հետաձգել այն։
Պատասխանելով Իրանի հետ հակամարտության ժամկետների մասին հարցին՝ Հասեթը հայտարարել է, որ «բացառվում է, որ նախագահ Թրամփը նահանջի, քանի դեռ գործն ավարտին չի հասցրել»։ Նա նաև նվազեցրել է պատերազմի տնտեսական հետևանքների նշանակությունը՝ պնդելով, որ ԱՄՆ տնտեսությունը «հուսալի» ձեռքերում է և կայուն է։
