ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան
Վերջերս Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական վիճակի մասին տվյալներ էր ներկայացրել, ակնհայտ էր, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները սկսել են բարելավվել 2022 թվականից հետո, ռուս–ուկրաինական պատերազմից հետո։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այսօրվա տնտեսական մոդելը բավական պրոբլեմային է, այն պահին, երբ պատերազմը կանգնի, և ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցները վերանան կամ թեթևանան, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Մեր ժողովուրդը դրանց խորությունը չի պատկերացնում, և ոչ ոք չի էլ փորձում ներկայացնել այդ խնդիրների իրական ծավալը։ Սրա հետ մենք առնչվելու ենք հաջորդ 5–ամյակում։
Մեր տնտեսությունը պետք է ունենա արդյունաբերություն, պետք է մի ապրանք արտադրենք, որը մրցունակ պետք է լինի արտաքին աշխարհում։ Պետք է ճիշտ գնահատենք, թե որ շուկաներն են մեր շուկաները։ Չի կարող քո տնտեսական քաղաքականությունը քո արտաքին քաղաքական նապախատվությունների հետ հակասության մեջ մտնել։ Այն, ինչ կա այսօր, ուղղակի շոկային է պրոֆեփսիոնալզմի տեսանկյունից։ Դու հայտարարում ես, որ գնում ես դեպի Եվրամիություն, Եվրոպայի հետ քո արտաքին առևտրի ծավալը ընդամենը 7 տոկոս է կամ մի քիչ ավել։ Դու շպագատի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունն ու քո տնտեսական շահերը լրիվ այլ հարթությունների վրա են։
Դուք հետաքրքրվեք տուրիստների քանակով, հետաքրքրվեք, թե որքան է կազմում թուրիստական հոսքը Ռուսաստանից։ Ես, օրինակ, հոկտեմբերին մի քանի օրով թռել եմ Կիպրոս. Եվ գնալուց, և գալուց օդանավի 80 տոկոսը եղել են ռուսներ։ Հիմա պատկերացրեք, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները հանվեցին, Մոսկվա–Լառնակա ուղիղ թռիչք լինի, ո՞վ է գալու Հայաստան։ Վիճակագրության մեջ բոլոր այդ մարդիկ տուրիստ են»,–ասաց նա։
Քոչարյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ, որովհետեւ եվրոպական շուկան մեզ համար փակ է։
