«Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում».«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց փողոցը
Արշակունյաց փողոցի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմացի հատվածը «Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները փակել են ՝աջակցելով ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ Նուբարաշենի բանտից իրենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջին, ,որը չի բավարարվում։ Ցուցարարները «Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում», «Կառափնարան, թե՞՝ դատարան», «Արթուրին սպանեցիք, հերթը ծռերի՞նն է» գրությամբ պաստառներ են պարզել։ «Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, ի նշան բողոքի, դատարանից երթով շարժվեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։ Ճակատի անդամներից Կարապետ Ռուբինյանը հանդիպեց քրեակատարողական վարչության պետի տեղակալի հետ։ Հանդիպումից հետո Ռուբինյանը ցուցարարներին փոխանցեց, որ, ըստ պաշտոնյայի, հացադուլավորները խնդիր չունեն։ Նրանք էլ փակեցին Արշակունյաց փողոցի այդ հատվածը՝ նախարարությանը հիշեցնելով, որ «մարդն է բարձրագույն արժեքը»։
