Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար
Մերձավոր Արևելքում տիրող լարվածության և Իրանի հրթիռակոծությունների ֆոնին Հայաստանում ռադիացիոն իրավիճակը մնում է կայուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ճառագայթային անվտանգության գլխավոր մասնագետ Կարեն Հարոյանը։
Երբ սկսեցին հրթիռակոծել Իրանը, կարծիքներ հնչեցին, որ ռադիոակտիվ ֆոնին մարդկանց մոտ շնչառական և ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են նկատվել։ Արդյոք կենտրոնը հետազոտե՞լ է այս ընթացքում ռադիացիոն անվտանգության մակարդակը, և որքանո՞վ է այն Հայաստանում այսօր նորմայի սահմաններում։
Ի՞նչ է պետք Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար. Փեզեշքիանը պայման է դրել
Հարոյանի խոսքով` այսօր հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է 24–ժամյա հսկողություն, իսկ հայ–իրանական սահմանին տեղադրված նոր կայանը թույլ է տալիս վայրկյանների ճշտությամբ արձանագրել ցանկացած փոփոխություն։
«Հայաստանում գործում է ճառագայթային մոնիտորինգի ժամանակակից համակարգ, որը բաղկացած է 32 կայանից։ Դրանք հիմնականում տեղակայված են ատոմակայանից մոտ 10–12 կմ շառավղով գտնվող բնակավայրերում և նպատակն է պատրաստ լինել, եթե ատոմակայանում լինի ինչ–որ վթար, որը կբերի արտանետումների, հնարավորություն ունենանք վաղ արձագանքելու և պլանավորելու հակազդման գործողություններ»,– ընդգծել է նա։
Գիտատեխնիկական կենտրոնի մասնագետը նաև նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները` 2025 թվականին ևս մեկ կայան է տեղադրվել հայ–իրանական սահմանին, սակայն մինչ այս պահը ճառագայթային անվտանգության իմաստով որևիցե մտահոգության առիթ չենք ունեցել։
«Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնը 24/7 ռեժիմով տեղեկություններ է ստանում բոլոր կայաններից։ Այսօրվա դրությամբ որևէ մտահոգության տեղիք չունենք. ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն Հայաստանում չի արձանագրվել»,- նշել է Հարոյանը։
Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները ռադիոակտիվ ֆոնի փոփոխության կամ ճառագայթման դեպքում պաշտպանվելու համար։
«Բնակչությունն այսպիսի դեպքերում սովորույթ ունի արագ խուճապի մատնվելու։ Հորդորս է` չտարածել ոչ պաշտոնական տեղեկություն, չզբաղվել ինքնագործունեությամբ, չլսել ոչ մասնագիտական կարծիք և խորհուրդ, այլ միայն հետևել պաշտոնական լրահոսին։ Եթե անհրաժեշտություն լինի, և մենք կարիքը տեսնենք արձագանքելու, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն միանգամից համապատասխան տեղեկություն կտրամադրի և միջոցներ, գործողություններ կառաջարկի»,– ընդգծել է Հարոյանը։
