Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը դիմել է Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված աջակիցներին։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին ՝ ժամեր շարունակ դատարանի բակում մնալու և Սամվել Կարապետյանին իրենց աջակցությունը հայտնելու համար։
«Դուք կարող էիք չգալ, այս ընթացքում այլ բանով զբաղվել, բայց արդեն 5-6 ժամ է՝ դատարանի բակում եք։ Սա ձեր քայլն է ՝ մեր հայրենիքի ուժեղացման համար։ Դատարանը որոշում է կայացնելու, որը, ամենայն հավանականությամբ լինելու է թելադրված իշխանությունների կողմից։ Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ»,–ասել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։
Նշենք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
