Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան
Հոգևորականների հետ կապված քննչական գործողությունը վերաբերում էր ցուցմունք տալուն, և որպես այդպիսին որևիցե նորություն չհայտնվեց քրեական գործի շրջանակներում, և Մուշեղ Սրբազանը օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ բոլոր սրբազաններին այսօր կանչել են հարցաքննության, խոսքը Արման Սարոյանին հետ կապված գործի մասին է։
«Քրեական վարույթը նախաձեռնվել էր Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված դատավճռի կատարողական վարույթը հարկադիր կատարողները չկատարելու հանգամանքով՝ վերագրելով, որ սրբազանները խոչընդոտել են և քրեական վարույթ է հարուցվել։ Կարծում ենք, որ սա իրավունքի չարաշահում է և նախաքննության մարմինները բարեխիղճ չեն օգտվում իրենց լիազորություններից»,–ասաց նա։
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ այս գործի նախաքննությունը շուտ չի ավարտվի։
