Կարգալույծ Արման Սարոյանի գործով դատավորը մերժել է
Դատավոր Էդգար Հովհաննիսյանը մերժել է իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Արա Զոհրաբյանը՝ կանխակալ վերաբերմունքի հիմքով։
Նշենք, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, պահանջելով՝ անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը բացարկի մերժման հիմքում ընդգծել է, որ դատական ակտերը կայացրել է ինքնուրույն, զերծ է մնացել իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն դրսևորելուց և ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել բացարկի հիմքեր:
Ըստ դատավորի՝ նա չի խախտել դատավորի վարքագծի որևէ կանոն, ինչը նշված է բացարկի հիմքում, ուստի այն ենթակա է մերժման։
