ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր
Թանկարժեք Patriot հրթիռների օգտագործումն իրանական Shahed կամիկաձե-դրոնների դեմ շահեկան չէ, ԱՄՆ-ը հակաօդային պաշտպանության այլընտրանքային միջոցներ է փնտրում։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերը։
«Երբ ինձ կամ ԱՄՆ-ին է դիմում զարմանալի տեխնոլոգիաներ մշակող որեւէ ընկերություն, ես միշտ հարցնում եմ՝ դրանք կիրառվո՞ւմ են Ուկրաինայում։ Հիմա հարցն այն է, թե արդյոք դրանք կիրառվո՞ւմ են Մերձավոր Արեւելքում, ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս։ Որոշ տեխնոլոգիաներ իսկապես էքստրաօրդինար են, որոնցից մեկը Patriot [համակարգն] է։ Սակայն մեկ [Patriot] հրթիռի արձակումն արժե 4 միլիոն դոլար, իսկ դրա արդյունավետությունը հասնում է 96-98 տոկոսի։ Դա չափազանց թանկ է, մանավանդ երբ խոսքը Shahed անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք արժեն 20 հազար դոլարից պակաս»,- ասել է նա Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում։
«Այս պահին մենք ունենք մի քանի «մարտական լաբորատորիաներ», որոնք թույլ են տալիս մեզ փորձարկել մշակումները եւ հասնել այդ տեխնոլոգիաների արդյունավետությանը»,- ավելացրել է նա։
