Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի
«Առողջության իրավունք» հկ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Տարիներ շարունակ գործող չափորոշիչով ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում էին տնային այցեր․
բժիշկը կազմակերպում էր այցերը, իսկ բուժքույրը բժշկի նշանակմամբ կատարում էր միջամտություններ՝ վիրակապություններ, միջմկանային և ներերակային ներարկումներ և այլն։
Ապահովագրության համակարգի ներդրումից հետո ընդունվեց նոր իրավական ակտ, որով շտապօգնության մի շարք կանչեր ամբողջությամբ փոխանցվեցին ԱԱՊ բժշկին՝ որպես առաջնային պահպանման ծառայություն մատուցող կազմակերպություններին ուղղորդվող կանչեր։
Այդ կանչերը պետք է սպասարկվեին մինչև 120 րոպեի ընթացքում։
ԱԱՊ բժշկին փոխանցվում էին, օրինակ՝
մինչև 38.5°C ջերմություն առանց վտանգավոր ախտանիշների,
հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ,զարկերակային գերճնշում (>140/90) առանց արտահայտված ախտանիշների,
քրոնիկական հոդացավեր և մկանացավեր,
քրոնիկական հիվանդություններով հիվանդների կրկնակի կանչեր առանց սրացման, նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչեր,նույն հասցեից կրկնակի կանչեր 24 ժամվա ընթացքում և այլն։
Բազմիցս հարցրել էի`ինչո՞ւ է շտապօգնության բեռը հանվում և դրվում ընտանեկան բժշկի ուսերին՝ առանց պայմանների բարելավման։ Այսօր նախարարն արդեն հայտարարում է, որ տնային կանչերը գրեթե ամբողջությամբ հանվում են, թողնելով միայն մի քանի բացառիկ դեպքեր՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք, նորածնային պատրոնաժ և նման դեպքեր։
Բայց այստեղ առաջանում է շատ պարզ հարց՝ իսկ ի՞նչ է լինելու շտապօգնությունից փոխանցվող այդ կանչերի հետ։Եթե ընտանեկան բժիշկը տնային այց չի կատարելու, ապա այդ կանչերը պարզապես չեն սպասարկվելու։ Այս ամենի արդյունքում տուժողը դու ես , իմ «հպարտ» քաղաքացի։
Հ․Գ․
Ասում էի չէ, ապահովագրության ներդրումից առաջ դնահատեք բուժաշխատողների ռեսուրսը․․․
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ․․․․»:
