Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արդարացման վճիռն իրականում մեզ համար էլ էր անսպասելի, այնուամենայնիվ բավականին ուրախացնող լուր է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Գագիկ Ծառուկյանի փաստաբանները։
«Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից, որովհետև իրականում ամբողջ պրոցեսը, իրավական առումով, մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լիներ, որովհետև մանրամասն ներկայացրեցինք, գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսները, քաղաքական այս երևույթները մեզ հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի և ամբողջ պրոցեսի ժամանակ նույնիսկ իր որոշումը չկատարելու հետ կապված հետամուտ չլինելը դրա մասին էր վկայում, բայց այսօր այս որոշումով մենք դատարանի վարքագիծը և որոշումը ողջունում ենք և տեսնում ենք, որ ի վերջո ամեն դեպքում կարողացավ օրինական և արդար որոշում կայացնել, հետևաբար այս առումով այլ ասելիք չկա, քան ողջունելը արդար դատական ակտի համար»,- նշեց Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ դատախազությունը վճիռը կբողոքարկի Վերաքննիչ դատարան. «Մեծ հավանականությամբ չի բացառվում բողոքարկումը։ Ես կարծում եմ, որ ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն ու հարցին, թե արդյոք չի՞ բացառվում, որ ընտրություններից առաջ կփորձեն կրկին քրեական վարույթ հարուցելու սցենարը, փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չկա, իսկ մնացած մասով այս պահին գուշակություններով ես ինքս չեմ զբաղվի։ Դե որովհետև իր այս պահին իրավական էլ չի լինի, որ մենք դրա մասին ինչ-որ խոսենք, թե ինչ կարող է լինել։ Սա ավելի այլ բնույթի հարցեր են, հիմա մենք երևի այդ հարցին չենք պատասխանում։ Ժամանակը ցույց կտա»։
