Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը
Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի կողմից առաջարկված նավագնացության պաշտպանության հնարավոր առաքելությանը, հայտարարել է պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
«Իսպանիան երբեք չի մասնակցի առանց միջազգային աջակցության կամ մանդատի իրականացվող առաքելություններում, լինի դա ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, թե ԵՄ-ի ծրագիրը», - ընդգծել է Ռոբլեսը՝ Մադրիդի Պոսուելո քաղաքի Ռետամարես ավիաբազա այցելության ժամանակ։
Նախարարը հստակեցրել է, որ Իսպանիան իր համաձայնությունն է տվել Cristóbal Colón ֆրեգատը Կիպրոսում տեղակայելու վերաբերյալ, ինչը պետք է իրականացվի ֆրանսիական Charles de Gaulle ավիակիր խմբի հետ համատեղ։ Այս քայլն իրականացվում է Միջերկրական ծովում «պաշտպանության և անվտանգության ապահովման» առաքելության շրջանակներում և Մադրիդը չի նախատեսում ընդլայնել իր մասնակցությունը։
Ըստ Ռոբլեսի՝ Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի հնարավոր առաքելության հստակ նպատակները դեռևս որոշված չեն։ Իսպանիան տվյալ խնդրի շուրջ «որոշում կայացնելու իրավասություն չունի, քանի որ ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում միջազգային մակարդակով այս հարցը պաշտոնապես չի քննարկվել»։
Պատասխանելով տարածաշրջանում ականազերծող սարքերի տեղակայման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է.
Ռոբլեսը ընդունել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է «լուրջ» մնալ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների և տարածաշրջանի երկրների վրա Իրանի կողմից ձեռնարկված պատասխան հարձակումների պատճառով, սակայն ընդգծել է, որ Իսպանիան «ՆԱՏՕ-ի հարգված և պատասխանատու դաշնակիցն» է։
Ի պատասխան ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Իրանի դեմ գործողությունների համար բազաներ տրամադրելուց Իսպանիայի հրաժարվելուց հետո Ռոտա և Մորոն ավիաբազաներից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման մասին մեկնաբանության՝ Ռոբլեսը ընդգծել է, որ ԱՄՆ շատ կոնգրեսականներ այլ դիրքորոշում ունեն և որ մեկ քաղաքական գործչի հայտարարությունը «չի արտացոլում ԱՄՆ քաղաքացիների մեծամասնության կարծիքը»։
Ռոբլեսը քննադատել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ընդունել մի նոր միջազգային կարգ, որը հիմնված է բացառապես ուժի իրավունքի վրա և չի հարգում միջազգային իրավունքի նորմերը»։
