Իրանական անկայունությունն ու Ղարաբաղի կայունությունը

Ամենի ինչ սկսվեց դեկտեմբեր 28-ին... Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան երկու տասնյակ մարդ սպանվեց, հարյուրավորները ձերբակալվեցին: Իշխանությունների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցեց ավելի քան 40 հազար մարդ: Երեկ հայտնի դարձավ, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալվել է, նա մեղադրվում է անկարգություններ, Հասան Ռոհանիի ղեկավարած կառավարության դեմ բողոքի ցույցեր հրահրելու մեջ: Կան տեղեկություններ, որ նա մասնակցել է հակակառավարական հանրահավաքի, որտեղ խոսել է չարաշահումների մասին: Իրանի նախկին նախագահն ասել է. «Ներկա պաշտոնյաներից ոմանք հեռու են ժողովրդի խնդիրներից ու մտահոգություններից, և որևէ բան չգիտեն հանրային իրողությունների մասին»: Նա նաև նշել է, թե Իրանն այժմ տառապում է ոչ թե տնտեսական ռեսուրսների պակասից, այլ ոչ արդյունավետ կառավարումից. «Հասան Ռոհանիի կառավարությունը կարծում է, որ իրենք են երկրի տերը և ժողովուրդը տգետ հանրություն է»: Այսպես, Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի դուրս եկան իշխանությունների դեմ՝ «Մա՛հ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով: Ցուցարարների թիրախում էին թե՛ նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին: Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մաշհադում էր զանգվածային ցույց կազմակերպվեց թանկացումների դեմ։ Այնուհետև, արձագանքելով բողոքի ալիքին՝ իշխանությունները սպառնացին ուժ կիրառել ապօրինի հավաքները ցրելու համար: Իրանի նախագահ Հասան Ռոհանին` նշելով, որ երկրի քաղաքացիները բողոքի գործողություններ կազմակերպելու լիակատար իրավունք ունեն. «Մարդկանց միակ մտահոգությունը տնտեսության վիճակը չէ: Մարդիկ դժգոհ են նաև կոռուպցիայի ծավալներից և [կառավարության գործողություններում] թափանցիկության բացակայությունից»: Դրա հետ նա կոչ արեց իրանցիներին զերծ մնալ բռնի գործողություններից: Այաթոլա Ալի Խամենեին հակակառավարական ցույցերին աջակցելու համար մեղադրել է արտաքին ուժերին։ Սակայն, դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակեցին երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Հունվար 2-ին Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումները շարունակվում էին: Սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց էին տալիս, որ Քահդերիջան քաղաքում ցուցարարները փորձում են գրոհել ոստիկանական բաժանմունքը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում անկարգությունների հետևանքով արդեն 22 մարդ էր զոհվել: Ուշագրավ էր միջազգային հանրության արձագանքը՝ Իրանի տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Twitter-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը չի անտեսի «կոշտ ռեժիմի դեմ պայքարող Իրանի ժողովրդի հերոսական դիմադրությունը»: Փենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները աջակցություն կցուցաբերեն ցուցարարներին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բարձր է գնահատել ռեժիմի դեմ բողոքող իրանցիներին՝ նրանց «քաջարի» անվանելով. «Ես Իրանի ժողովրդին հաջողություն եմ մաղթում ազատության իր ձգտումներում»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն է, և դրանց ցանկացած միջամտություն անընդունելի է: Իսկ ահա Թուրքիայի արձագանքը՝ հետաքրքրական նրբերանգներ էր պարունակում: Պաշտոնական Անկարան հայտարարեց, թե Իրանում սկսված հակակառավարական ցույցերի ու բախումների հետևում կանգնած են Իսրայելի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը: «Երկու մարդ է աջակցում այդ ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը», ասաց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է արտաքին ուժերի միջամտությունը: Այս 10 օրերի ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել իրանյան զարգացումների վերաբերյալ: Իրանում բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր: Բողոքի գործողությունները երկրի ողջ տարածքում սկիզբ առան առաջին անհրաժեշտության ապրանքների՝ նախևառաջ սննդամթերքի գների կտրուկ աճից հետո: Սակայն այնուհետև բողոքի ակցիաներին քաղաքական պահանջներ էին հնչում, իշխանափոխության կոչեր և Սահմանադրության փոփոխության: Հունվարի 3-ին արդեն Թեհրանը հայտարարեց հակաիշխանական ցույցերի ալիքի մարման մասին: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հավելյալ ուժեր տեղակայեց բախումների էպիկենտրոն դարձած երեք նահանգներում, զգուշացնելով՝ ցուցարարները կպատժվեն ամենախիստ ձևով: «Մեր թշնամիները պիտի իմանան, որ այս կարգի ապստամբություններն Իրանում չեն աշխատում», ասել էր կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին՝ պնդելով, թե բողոքի ալիքն արդեն մարել է, ապստամբության փորձն էլ՝ ճնշվել: «Մահ Միացյալ Նահանգներին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Մեր երակներով հոսող արյունը մեր նվերն է առաջնորդ Խամենեիին»,- վանկարկում էին նրանք արդեն երկրորդ օրը շարունակվող ցույցերի ընթացքում: Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, թե բողոքի ալիքը կառավարվում ու հովանավորվում էր արտաքին ուժերի կողմից: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Հոշրուն բողոքի նամակ էր հղել Անվտանգության խորհրդին՝ նշելով, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ «անամոթաբար ու զավեշտալի ձևով միջամտում է Իրանի ներքին գործերին՝ ցուցարարներին սադրելով բռնության ու անկարգությունների»: Մինչ Իրանական կողմի այս բողոք-նամակի հղումը՝ Դոնալդ Թրամփը «Թվիթերում» գրել էր․ «Հարգում եմ Իրանի ժողովրդին, որը փորձում է տապալել կոռումպացված կառավարությունը, նրանք լուրջ աջակցություն կստանան ճիշտ ժամանակին»: Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը, անանուն մնալու պայմանով, չի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել իրանցի այն պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ոտնահարել են խաղաղ հանրահավաքների անցկացման ու խոսքի ազատության իրավունքն ու ճնշել ընդդիմադիր ցուցարարներին: Փոխնախագահ Մայք Փենսն, իր հերթին, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում պնդել է, թե Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ Բարաք Օբամայի, մտադիր չէ իրանցիներին միայնակ թողնել: «Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք կրկին փողոց են դուրս եկել Իրանում և հիմա մենք ունենք Ամերիկայի նախագահ, որն ամերիկյան հայտնի ավանդույթի համաձայն, պաշտպանում է նրանց, ասելով՝ մենք ձեզ հետ ենք, մենք աջակցում ենք ձեզ, մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ հասնելու առավել ազատ ու առավել բարգավաճ ապագայի: Հույս ունեմ, որ ինչպես Խորհրդային Միության այլախոհները Ռեյգանի չարի կայսրության մասին ելույթը լսելուց հետո հասկացան, որ միայնակ չեն, այնպես էլ այսօր Իրանում փողոց դուրս եկած մարդիկ կհասկանան, որ նախագահ Թրամփի օրոք չեն մնա միայնակ, քանի դեռ պայքարում են հանուն ազատության ու ժողովրդավարության»,- ասել է Փենսը: Նա չի բացառել, որ Իրանի վարչակազմի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել: «Այս ամենի պատճառն իշխանությունն է, որը մտածում է միայն իր մասին»,- «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է Իրանի հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդին՝ ԱՄՆ-ում բնակվող թագաժառանգ Ռեզա Փահլավին: «Գործող վարչակազմն օգտագործում է երկրի ռեսուրսները՝ միայն հանուն իր իշխանության, իր բանակի, իր ծառաների ու իր նպատակների, լինի դա Սիրիայում, Լիբանանում թե այլուր: Երկրի հարստությունը չի հասնում ժողովրդին: Ձեր կարծիքով մարդիկ որքա՞ն կարող են համբերել, ձեր կարծիքով որքա՞ն կարող են դիմանալ տնտեսական այդ դժվարություններին, գործազրկությանը, գնաճին, դիմանալ մի իրավիճակի, երբ նրանց շարունակաբար կոտրում ու ճնշում են»,- ասել էր նա: Այժմ ավելի հաճախ են հնչում կարծիքներ ու վերլուծություններ՝ հակաիշխանական ցույցերի հնարավոր պատճառների մասին: Քաղաքագետների մի մասը պնդում է, թե սա ոչ այնքան սոցիալական բունտ է, որքան կուլիսային պայքար՝ իշխանության թևերի միջև: Ոմանք համոզված են, որ այս ընդվզման թիրախն իրականում բարեփոխական նախագահ Հասան Ռոհանին է, հիշեցնելով՝ ցույցերը սկսվեցին Մաշհադից՝ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքից, որտեղ ուրբաթօրյա աղոթքն առաջնորդում է նախագահական ընտրություններում Ռոհանիի մրցակից, Իրանի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաեսիի խնամին՝ Այաթոլլահ Ահմադ Ալամոլհոդան: Իրանցի տնտեսագետ, նախկին բարեփոխական նախագահ Մահամադ Խաթամիի խորհրդական Սաեդ Լայլազը «Ալ-ջազիրայի» հետ զրույցում նշել է՝ ցույցերը սկսվեցին, երբ Ռոհանին ներկայացրեց հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, որը մի շարք ապրանքների թանկացումներից ու հարկերի ավելացումից բացի նաև ամենաթափանցիկն էր երկրի պատմության մեջ: Առաջին անգամ Ռոհանին բացահայտեց, թե ինչ հսկայական գումարներ են ստանում կրոնական կառույցները, ինչը վերջիններիս համար ամենևին ցանկալի չէր: Մյուս կողմից, նախագծով կրճատվում է իշխանության մյուս թևերի, օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը, ինչին բանակը կտրականապես համաձայն չէ: Վերլուծաբանների մի մասն էլ վստահ է, թե մարդկանց իրականում փողոց է դուրս բերել սոցիալ- տնտեսական վատթարացող վիճակը: Ցույցերի նախաշեմին «Թվիթերում» հազարավոր մարդիկ էին միացել կառավարության տնտեսական քաղաքականությունը քննադատող արշավին՝ հիշեցնելով նախագահ Ռոհանիի նախընտրական խոստումները՝ աշխատատեղեր բացելու և կոռուպցիան վերացնելու մասին: Այսօր՝ ընտրություններից երկու տարի անց, ըստ վիճակագրության, 80 միլիոնանոց Իրանում յուրաքանչյուր չորրորդ բնակիչն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, մինչդեռ հարուստները, այդ թվում՝ պաշտոնյաներն ու նրանց հարազատները, տարեկան տասնյակ հազարավոր շքեղ մեքենաներ են ներմուծում: Հունվարի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանում ծավալված վերջին զարգացումներ էր քննարկում: ՄԱԿ-ում իրանական ճգնաժամի քննարկման նախաձեռնությամբ հանդես էր եկել Միացյալ Նահանգները: ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում ԱՄՆ-ն հայտարարեց վերջին շաբաթներին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցներին իր լիակատար աջակցության մասին: «Աշխարհը հետևում է Իրանի իշխանությունների գործողություններին», նշեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ ընդգծելով, որ մարդու իրավունքները նույնպես խաղաղության և անվտանգության հարցեր են: «Երբ մարդիկ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դա նույնպես կայունության սպառնալիք կարող է ստեղծել»,- ասել է ամերիկացի դիվանագետը, հավելելով, որ ԱՄՆ-ն «ուս ուսի կանգնած է» այն մարդկանց կողքին, ովքեր Իրանում պայքարում են ազատության համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները հիմնականում իրենց աջակցությունը հայտնեցին Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն ԱԽ անդամներից Ֆրանսիայի, Չինաստանի և Շվեդիայի ներկայացուցիչները նշել են, որ ՄԱԿ-ը հարմար հարթակ չէ` Իրանում ստեղծված կացությունը քննարկելու համար: Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն էլ ԱՄՆ-ին մեղադրել են Անվտանգության խորհուրդը «Իրանի ներքին գործերին առնչվող խնդիրների քննարկման մեջ ներքաշելու» մեջ: Նիստի ավարտին որևէ փաստաթուղթ չընդունվեց: Ինչևէ, հարևան Իրանում տեղի ունեցած իրադարձությունները քննարկվում են Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում: Կարծես, բոլորի համար ակնհայտ է, որ կայունությունը Իրանում կարևոր է, և քանի դեռ Իրանում իրավիճակը վերահսկելի է, տարածաշրջանին ցնցումներ չեն սպառնում: Իրանը տարածաշրջանում անվտանգության ապահովող երկրներ է, իսկ այնտեղ անկայունությունը կնշանակի անկայունության մեծացման հավանականություն ողջ տարածաշրջանում: Եվ մեզ համար, նախևառաջ, այդ հնարավոր անկայունությունը կարող է անդրադառնալ ղարաբաղյան խնդրի վրա, ինչը խիստ անցանկալի սցենար կարող է դառնալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am