Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ
Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանին սպանության օժանդակության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանը դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մարտի 10–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատական նիստի ժամանակ։
«Ինձ մեղադրում են այն բանի համար… իմ առօրյայի համար։ Ասել են՝ ինչ ես արել, ասել եմ՝ այս գործողություններն եմ արել։ Իմ առօրյայի մեջ եղած գործողոթյունները վերագրել են ինձ, որ ես ինչ-որ օժանդակություն եմ արել»,- հայտարարեց նա։
Սպանությունների մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը նույնպես հայտարարեց, որ կատարած սպանությունների հետ կապ չունի, մեղադրանքը չի ընդունում, մանրամասները կբարձրաձայնի մյուս դատական նիստին։
Այսօր դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց, թե ինչպես են տեղի ունեցել սպանությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։
