«Իրանի սիրիացում չի նախատեսվում». իրանագետներ
«Հայելի» մամուլի ակումբի այսօրվա ասուլիսում իրանագետներ Տիգրան Դավթյանը և Ռուբիկ Մինասյանն անդրադարձան Իրանում առկա իրավիճակին՝ նշելով, որ ցույցերի պատճառները տարաբնույթ են՝ սոցիալական խնդիրներից մինչև քաղաքական խնդիրներ, այդուամենայնիվ, «միջազգային կամ իրանցի ոչ մի փորձագետ Իրանի սիրիացում չի նախատեսում, բայց որոշները ցանկություն ունեն, որ թունիզացում լինի, այսինքն՝ Իրանում էլ՝ ինչպես Թունիզում, պետք է կատարվեն որոշակի փոփոխություններ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություններում»: Նման կարծիք հայտնեց Տիգրան Դավթյանը: Բանախոսների խոսքով՝ նախագահ Ռոհանին քայլեր է ձեռնարկում, որ կառավարության լիազորությունները շատանան, քանի որ խնդիր կա կառավարության և հոգևորականության միջև: Թեհրանի ավագանին որոշում է կայացրել Թեհրանում մեծ հրապարակ կառուցել՝ ցույցեր անցկացնելու նպատակով: Իրանագետները նշեցին նաև, որ Իրանում՝ նախորդ տարիների համեմատությամբ, զգալի է դարձել դեմոկրատիան, այդ է վկայում խորհրդարանի երեք պատգամավորների պահանջը՝ ուղղված ոստիկաններին: Վերջիններս պետք է ներկայացնեն ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց ցուցակները և նրանց վիճակի մասին տեղեկություն: «Քառասունամյա Իրանի համար անխուսափելի է դեմոկրատացումը, որին նա հասնելու է քայլ առ քայլ»,- եզրափակեց իրանագետ Ռուբիկ Մինասյանը: Քրիստինե Աղաբեկյան
