«Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում
Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դամասկոսից արևմուտք գտնվող Սերղայա գյուղաքաղաքի մոտակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը։
Բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին սիրիական բանակի դիրքերը թիրախավորելու համար։
Գործակալության տեղեկացմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուժերի ամրացումներ են նկատվել սիրիա-լիբանանյան սահմանին։
Սիրիական բանակը նաև հայտնել է, որ գնահատում է իրավիճակը՝ հավելելով, որ կապի մեջ է Լիբանանի բանակի հետ և քննարկում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համապատասխան տարբերակները։
«Սիրիայի արաբական բանակը չի հանդուրժի երկրի դեմ ուղղված որևէ ագրեսիա», – նշվել է բանակի հայտարարության մեջ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։
