Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցում իբր նախապես չպլանավորված դրվագ կար՝ Գյումրիում շրջելիս նա «հանկարծ» հանդիպեց երիտասարդ երաժիշտների խմբի, որոնք ներկայացան «Չամիչով բուլկի» անունով։ Նկատենք, որ իշխանության քարոզիչները Նարեկ Կարապետյանին են «չամիչով բուլկի» ասում՝ գուցե խմբի անունն էլ այդ հեգնանքից է ծնվել։ Վարչապետն առանց առարկելու, անմիջապես համաձայնեց այցելել նրանց ստուդիա, ոչ միայն լսեց նրանց կատարումը, այլեւ միացավ խմբին՝ համատեղ կատարելով ՔՊ-ի հիմն դարձած «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը։ Ապա առաջարկեց, որ խումբը համագործակցի իր ղեկավարած «Վարչաբենդի» հետ, եւ միասին ելույթ ունենան առաջիկայում։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է ստեղծվել «Չամիչով բուլկի» խումբը։
Պարզվում է՝ խմբի հիմնադիրը My Lead Time երիտասարդական ՀԿ-ի եւ EthnoRhythm (Էթնոռիթմ) ծրագրի հիմնադիր, երաժիշտ Ժիրայր Մարտիրոսյանն է։ EthnoRhythm ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խումբը բավական նոր է՝ գոյություն ունի ընդամենը շուրջ 8-9 ամիս, բաղկացած է 4-5 երիտասարդ երաժիշտներից։ Հիմնականում հանդես է գալիս ռեստորաններում։ Նրանց հաճախ կարելի է տեսնել հատկապես «Պոլոզ Մուկուչ» ռեստորանային համալիրում։ Ժիրայր Մարտիրոսյանի նախաձեռնությամբ վերջերս բացվել է My Lead Time երաժշտական դպրոցը, որտեղ երիտասարդներին եւ պատանիներին երաժշտական տարբեր գործիքներ՝ հիմնականում կիթառ եւ հարվածային գործիքներ նվագել են սովորեցնում։
