Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան
«Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու Սուրեն Պապիկյանին։
«Հատուկ ուղերձ ունեմ Նիկոլ Փաշինյանի և նրա այսպես կոչված պաշտպանության նախարարի համար։
Հանկարծ չփորձեք փոխել թեման։ Ես անհերքելի փաստերով ցույց եմ տվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են իրենց դիրքերի բարելավման, ամրացման աշխատանքներ։ Որ այն տարածքներում, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, իրենց դիրքերի միջև կառուցում են ճանապարհներ, բարելավում են ռազմական կոմունիկացիաները, ներխուժումով կառուցել են նոր դիրք։ Լուսանկարներից էլ ակնհայտ է, որ դա մարտական հերթապահություն կրող դիրք է, դրանով ամեն օր վտանգի են ենթարկում մեր զինծառայողների կյանքն ու առողջությունը, լրացուցիչ թիրախի տակ են վերցրել մեր խաղաղ բնակչությանը, ընդլայնել են Վարդենիս համայնքի նկատմամբ վերահսկողության սահմանները, իրենց դիրքերի բարելավման ու ամրացման աշխատանքներ են կատարում նաև Ջերմուկ համայնքի տարածքում։ Այս ամենը ես հիմնավորել եմ արբանյակային լուսանկարներով։
Ես հասկանում եմ, որ չափազանց բարդ է առերեսվել իրականությանը, այն էլ այս անհերքելի փաստերով և հետո սեփական շահերի համար դրանք վաճառել մեր ժողովրդին։ Ուրեմն դուք կամ ձեր փաստերով, կոնկրետ փաստարկներով ցույց եք տալիս, որ մենք ճիշտ չենք, կամ դուք պարտավոր եք ներկայացնել մանրամասն բացատրություններ, թե ինչու եք գրեթե մեկ տարի այս ամենը թաքցրել մեր ժողովրդից։
Ի միջի այլոց, պարոն Փաշինյան, եթե դուք ուզում եք ինձ պատասխանել, ապա տղամարդ եղեք և արեք դա անձամբ, և մի արեք դա ձեր ձեզ շրջապատող մի խումբ անկարողների միջոցով։ Չէ որ դուք գերագույն գլխավոր հրամանատար եք, այդպես չի։ Նաև ես վերջնականապես հասկացա, թե ինչու դուք հրաժարվեցիք ինձ հետ բանավեճից։ Ինձ համար ակնհայտ է, որ դուք շատ քիչ եք հասկանում այս ամենից։ Եվ այն քիչն էլ, որ հասկանում եք, սխալ է»։
