Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդները դիստանցավորվում են քրդական գործոնն Իրանի դեմ օգտագործելու ծրագրից, որովհետև անհանգստացած են ինքնավարության ներսում ավելորդ ռազմաքաղաքական և տնտեսական անկայունության հեռանկարից։
Այն որ այդ ծրագիրը լրջորեն փորձ է կատարվում օգտագործել Իրանի դեմ պատերազմում, ուղղակիորեն փաստվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այն անթաքույց հայտարարությամբ, թե ինքը կաջակցի քրդական ուժերին, եթե նրանք ցամաքային գործողություն սկսեն Իրանի դեմ։
Դատելով առկա տեղեկատվությունից՝ երեկ գիշեր և այսօր առավոտյան ամերիկյան և իսրայելական օդային հարվածների մի խոշոր հատված կենտրոնացած է եղել Իրանի Քրդստան նահանգի և դրա կենտրոն Սանանդաջի ուղղությամբ, ինչով փորձ է կատարվում «ճանապարհ հարթել» ցամաքային ներխուժման համար։
Իրանական կողմն իր հերթին հուժկու հարվածներ է հասցրել Իրանից սերող երկու քրդական կուսակցությունների ճամբարներին իրաքյան Քրդստանի տարածքում։
Ըստ այդմ, այն դեպքում, երբ Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար, Իրանը փորձում է անել այնպես, որ այդ «ճանապարհից» օգտվողներ չմնան»։
