Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq
Գլխավոր դատախազությունը 2026թ. փետրվարի 16-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի և կնոջ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատախազությունը «Հետքին» տրամադրել է ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը, որ ցանկանում են դատական կարգով բռնագանձել:
Պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք Երևանում, որից երկուսը Կենտրոն վարչական շրջանում է: Բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև մեկ ավտոմեքենայի վերաբերյալ:
Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 125 մլն 580 հազ. դրամ է:
Դատախազությունը նաև գումարային պահանջ է ներկայացրել՝ մոտ 48 մլն դրամի բռնագանձում որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և մոտ 43 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հիշեցնենք՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նույն տարվա մայիսի 10-ին նշանակվեց ոստիկանության պետ, իսկ վարչապետի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
