Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ, ինչն էլ դարձել է շղթայական ավտովթարի պատճառը։
