Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Ռազմական գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Նշվել է, որ զոհեր և վիրավորներ չկան։ փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը և ի զորու է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ այն բանից, թե ումից կամ որտեղից են գալիս սպառնալիքները։ Անհրաժեշտ բոլոր քայլերը վճռականորեն կձեռնարկվեն՝ պաշտպանելու մեր ցամաքային ու օդային տարածքը»,- ասված է Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրությունում։
Միաժամանակ շեշտվել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած թշնամական վերաբերմունքի: Կոչ է արվել բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում:
«Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցել ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»,– ամփոփվում է պաշտոնական հաղորդագրությունը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրանական հրթիռի մնացորդները հեռացվում Թուրքիայի տարածքից։
