ՄԻԵԴ-ը հունվարի 11-ին կհրապարակի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցով վճիռն ընդդեմ Հայաստանի
Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, գրում է A1Plus-ը: Դիմումատուն այսօր արդեն Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչև նշանակումը։ Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017թ.-ին։ Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «փողերի լվացման» գործով։ Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության և իրավապահներից թաքնվելու հիմքերը։ Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007-ի սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։ Արզումանյանը, ըստ հայցի, համարում է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։
