Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր
Բեյրութի հյուսիս-արևելքում գտնվող Բաալբեք քաղաքում իսրայելական օդուժի կողմից բնակելի համալիրին ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։Տարբեր գերատեսչություններ ներգրավված են փլատակներում մնացած անձանց որոնողափրկարարական աշխատանքներում։
Բաալբեքի քաղաքապետը հայտնել է, որ բնակելի համալիրում բնակվում էին միայն քաղաքացիական ընտանիքներ:
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 3-ի երեկո զոհերի թիվը հասել է 50-ի, իսկ վիրավորներինը՝ 335-ի։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը մարտի 4-ին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող 16 գյուղի բնակիչներին։
Իսրայելական ուժերը նաև թիրախավորել են Բաաբդա քաղաքի մոտակայքում գտնվող հյուրանոցը, ալ-Հազմիե ճանապարհը։Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մարտի 4-ի առավոտյան հրթիռային հարվածով թիրախավորվել է Իսրայելի հյուսիսային Մետուլա քաղաքի մոտակայքում գտնվող իսրայելական բանակի զորքերի հավաքատեղին:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։
Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։
