ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնում է․
«Ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը (հավանաբար իսրայելական դրդմամբ) բանակցել է տարածաշրջանի քրդական ուժերի հետ։
Ամեն ինչ հուշում է, որ ԱՄՆ և հատկապես Իսրայելը առաջիկա օրերին, իրանական ենթակառուցվածքը թիրախավորող ավիահարվածներին զուգահեռ, փորձելու են անել երկու բան. նախ անկայունացնել ներքաղաքական իրավիճակը Իրանում, երկրորդ՝ դրդել զինված անջատողական պայքարի Իրանի տարբեր ժողովուրդներին։ Այլ բառերով ասած՝ Իրանը բաժան-բաժան անել։
Եթե սրան գումարենք նաև քրդերով բնակեցված իրան-իրաքյան սահմանի իրանական սահմանապահ դիրքերի ու ռազմական հենակետերի վրա վերջին օրերին արված ավիահարվածները, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Քրդերից զատ քարոզչական և այլ միջոցներով թիրախավորվում են Իրանի հարավ-արևելքում ապրող բելուջները և մեր սահմանների երկայնքով ապրող թյուրքախոս իրանցիները (ազարիները)։
Վերջիններիս հարցում էական է լինելու Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը, որը, այդքան էլ միանշանակ չէ։ Չնայած ծավալապաշտական հավակնություններին՝ Թուրքիայում կա գիտակցում, որ մասնատվող Իրանի փլատակների տակ կարող է մնալ նաև Թուրքիան։ Ուստի թուրքական իշխանությունները այլ դիրքավորում ունեն այս պահին (այդ մասին առանձին կգրեմ շուտով)»։
