Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ամփոփելով Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը, գրում է.
«Իրանի վրա հարձակման առաջին օրը մոտենում է ավարտին։ Դատելով առկա տեղեկություններից՝ կարող եմ ասել հետևյալը.
▪️Պատերազմն ընդունում է նոր՝ ավելի լայն մասշտաբներ։ Հնարավոր է, որ ականատես լինենք երկուստեք ալիքաձև հարձակումների՝ աստիճանաբար մեծացնելով կիրառվող զենքերի ծավալն ու ուժգնությունը։ Ամերիկյան այսպիսի մարտավարության մասին են հայտնում Պենտագոնի մի քանի աղբյուրները։
▪️Հաշվի առնելով, որ Իրանի վրա ցամաքային հարձակման տարբերակը քիչ հավանական է, ԱՄՆ-Իսրայել զույգի նպատակը շարունակելու է լինել Իրանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգի լիարժեք խաթարումը՝ այդպիսով հնարավոր դարձնելով ներքին ընդվզումը և, այդպիսով, իշխանության փոփոխությունը իրենց կամակատար ռեժիմով։ Սա է ռազմավարական պլանը։
▪️Իրանում ներքին պառակտման նշաններ դեռևս չեն երևում։ Ավելին՝ կա որոշ հանրային համախմբում, իսկ իշխանությունները 2025 թ. հունիսի համեմատ գործում են ավելի հստակ ու համակարգված։
Իհարկե, պետք է հիշել, որ առաջիկա օրերի ալիքաձև հարձակումների պարագայում այս իրավիճակը կարող է փոխվել։ Սակայն պետք է հիշել նաև, որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, օդային ավիահարվածները առանց ցամաքային հարձակման ամենաարդյունավետ միջոցը չեն իշխանություն տապալելու իմաստով։
▪️Իրանը դեռ չի ակտիվացրել տարածաշրջանի իր պրոքսի ուժերին՝ Լիբանանից մինչև Եմեն ու Իրաք։ Իրական տարածաշրջանային աղետը կարող է սկսվել այդ պահից՝ ներառելով բոլոր երկրները։
▪️Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչով է ավարտվելու պատերազմը, բայց մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ։ Արդեն իսկ կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիականներ, ավերածություններ Դուբայից մինչև Իսրայել։Հայաստանը որևէ կերպ անմասն չի լինելու վերոնկարագրյալից՝ ինչքան էլ «խաղաղություն» քարոզեն տեղական խմբերը։ Հուսանք նաև, որ մինչ էդ նարդին կվերջացնեն խաղալ ու ժամանակ կլինի զբաղվել էս անկարևոր հարցերով։
Պի՛նդ եղեք։
Քանի որ տեսնում եմ համացանցային «փորձագետների» որոշ գրառումներ, որոնցով փորձում են հանգստացնել ու անկարևոր դարձնել տեղի ունեցողը, սա էլ հավելեմ։
Եթե դուք հավատում եք, որ Իրանում իշխանության տապալումից հետո տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, բոլորը կլինեն ուրախ, չաղ, բախտավոր, ապա դուք հիմնավորապես չեք հասկանում, թե ինչպես է աշխատում էս տարածաշրջանի ներքին տրամաբանությունը, աշխարհաքաղաքական հաշվարկն ու ժամանակակից աշխարհում ուժերի դիրքավորումը։
Հիմնավորապես չեք հասկանում։ Իրանի տապալման դեպքում 2003 թ. Իրաքին, 2011 թ. Սիրիային, 2023 թ. Գազային երանի ենք տալու»։
