Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Փետրվարի 26-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Դիլիջանի, Սպիտակի, Տաշիրի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։
Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
