Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը
«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․
Բլեղշեն հայկական գյուղը գտնվել է պատմական Աղվանքի Կապաղակ գավառում՝ ներկայիս Գաբալա (Կուտկաշեն) վարչական կենտրոնից մոտ 24 կմ հարավ-արևելք՝ հայկական Ամուրավան և Բեկլարքյանդ գյուղերի մոտ։ Տարբեր աղբյուրներում գյուղը հիշատակվել է նաև Բիլեղ, Բիլիղ, Բլեղ անվանաձևերով։ Գյուղի բնակչությունն այստեղ է հաստատվել Արցախի Վարանդա և Խաչեն գավառներից 18-րդ դարի վերջին։
1841 թվականին Բլեղշենում բնակվել է 202 հայ, 1851 թվականին՝ 264, 1876 թվականին՝ 244։ 1889 թվականին գյուղն ունեցել է 301, 1901 թվականին՝ 236, 1905 թվականին 287, իսկ 1914 թվականին՝ 264 հայ բնակիչ։
1918 թվականին այսրկովկասյան թյուրքերը, օսմանյան զորքերի հետ միասին, ավերել են տարածաշրջանի հայկական բնակավայրերի մեծ մասը, հայ բնակչությանը սպանել։ Այդ ճակատագրին է արժանացել նաև Բլեղշեն գյուղի բնակչությունը։
Գյուղում գործել է հայկական դպրոց։ 1895 թվականի մի հիշատակության համաձայն՝ հարևան Ամուրավան և Բեկլարքյանդ հայկական գյուղերի երեխաները նույնպես սովորել են Բլեղշենի դպրոցում։
Բլեղշենում գործել է նաև Սուրբ Մինաս անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է 19-րդ դարի սկզբին։ Տարբեր տարիներին գյուղում հոգևոր սպասավորություն են կատարել քահանաներ՝ Սարգիս Մատթեոսյանը (պաշտոնավարել է 1832-1851 թվականներին), Մարգար Տեր-Սարգսյանցը (պաշտոնավարել է մինչև 1860 թվականը), Հարություն Հակոբյան Հարությունյանցը (1860-ական թվականներից մինչև 1870 թվականը), Հարություն Տեր-Հովհաննիսյան-Տեր-Ավագյանցը, Հարություն Գրիգորյան-Տեր-Դավթյանցը (1873-1890-ական թվականներ), Ներսես Ոսկանյանցը (1910-1917 թվականներ)։
1984 թվականին՝ հուշարձանագետ, բանահավաք Սամվել Կարապետյանի գյուղատեղի այցելելու ժամանակ, Բլեղշենում եկեղեցու հետքը նկատելի չի եղել։ Ս․ Կարապետյանը գյուղի գերեզմանոցի տարածքում հայտնաբերել է պահպանված մոտ 30 տապանաքարեր, որոնք թվագրված են 19- 20-րդ դարերով։ Դրանցից մի քանիսի վրա պահպանված են եղել հայերեն արձանագրություններ։
Օրինակ՝ «ԱՄՓՈՓԵԱԼ ԿԱՅ ԱՍՏ ԲԼԵՂԵՑԻ / ՀԱՅՐԱՊԵՏՆ ՏԷՐ ՍԱՐԳԻՍԵԱՆ, / ՈՐ ՎԱԽՃԱՆ ԸՆԿԱԼԱՒ ԱՌ / ՀԱՅՐ, 1857 ԱՄԻ», կամ՝ «ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՄԱՐՄԻՆ ԲԼԵՂԵՑԻ / ՄԱՐԳԱՐԱ ՔԱՀԱՆԱՅԻՆ ՏԷՐ / ՍԱՐԳԻՍԵԱՆ, ՈՎ ՈՔ ՀԱՆԴԻՊԻ, / ԽՆԴՐԷ ԱՍԵԼ Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՈՂՈՐՄԻ 1860 ԱՄԻ»։
Այլ տապանաքարերի վրա՝ «ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ Է ԲԼԵՂԵ/ՑԻ ԳՐԻԳՈՐՆ ՂԱՀՐԱՄԱՆ/ԵԱՆ ՕՀԱՆԵԱՆՑ, 1872 ԱՄԻ, կամ՝ «ՅԱՅՍՄ ՏԱՊԱՆԻ ՀԱՆԳՉԻ / ԽԱՉԱՏՈՒՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, / ՈՐԸ ՎԱԽՃԱՆՎԵՑԱՒ 1874 / ԱՄԻ 15 ՍԵՊՏ․ Ի Գ(ԻՒՂՆ) ԲԼԵՂ», կամ՝ «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԲԻԼԻՂԵՑԻ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԻ / ԳՐԻԳՈՐԵԱՆ ԴԱՒԻԹԵԱՆՑ, ԾՆԵԱԼ 1830 ԱՄԻ / ՎԱԽՃ․ 1898 ԱՄԻ, ՆՈՅ․ 15, Ա(ՍՏՈՒԱԾ) ՈՂՈՐՄԻ»։
Ներկայումս Բլեղշեն բնակավայրի մոտ կա համանուն մի գյուղ (ադրբ․՝ Bılıx), որը հիմնադրվել է 20-րդ դարի վերջին։
