ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Եվրամիության երկրներն, ամենայն հավանականությամբ, համաձայնության չեն հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսվում էր ընդունել Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է Հունգարիայի դիրքորոշմամբ, որը դեմ է առաջարկվող սահմանափակող միջոցներին:
«Վաղը (խմբ.՝ փետրվարի 24-ին) այս սարսափելի պատերազմի չորրորդ տարելիցն է, և, անշուշտ, քննարկում կլինի պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ: Բայց ինչպես բոլորդ գիտեք, կարծում եմ՝ այսօր դրա հետ կապված առաջընթաց չի լինի, սակայն մենք անպայման կպնդենք…. Մենք շատ լուրջ հայտարարություններ ենք լսել Հունգարիայից, և ես չեմ կարծում, թե նրանք կփոխեն դիրքորոշումը», – ասել է նա Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը: Այս քայլով Հունգարիան փորձում է Ուկրաինային ստիպել վերսկսել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: Սլովակիան և Հունգարիան Կիևին մեղադրում են ռուսական հարվածներից վնասված խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար:
