Մեր հանճարեղ կառավարությունը նորից զբաղված է Ազգային «բեսեդկայի» կերպարների փողոցային «ռազբորկաներով»․Արթուր Խաչիկյան
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ավելի ու ավելի մոտ, ու ավելի մոտ» (հին սովետական երգից)։
Օրվա մեջբերումը. «Պատմության դասն այն է, որ ոչ ոք պատմությունից դասեր չի քաղում»։ Օտտո ֆոն Բիսմարկ։
Պարսից ծոցում շարունակվում է ամերիկյան ուժերի կուտակումը։ Եվս մեկ ավիակիր՝ «Ջերալդ Ֆորդը», որն ամենամեծն է ԱՄՆ նավատորմում, անցել է Ջիբրալթարի նեղուցով և միացել Իրանի մոտ գտնվող ամերիկյան ուժերի խմբավորմանը։ Ամերիկյան արմադայի ռազմական ներուժն այժմ մոտենում է այն մակարդակին, որն ուներ 2003 թվականին Իրաք ներխուժումն սկսած խմբավորումը (ինչի համար հետո տասնամյակներ շարունակ զղջում էին ամերիկացիները)։
ԱՄՆ-ն տարհանում է իր զինծառայողներին տարածաշրջանի ռազմաբազաներից։ Տարածաշրջանում ռազմական ինքնաթիռներն այնքան շատ են, որ դրանց տեղը չի հերիքում Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ամերիկյան ավիաբազաներում։
Իրադարձությունների սցենարները, ինչպես արդեն ասվել է, ամենայն հավանականությամբ կլինեն հետևյալը.
Հարավսլավական սցենար. Ամենանվազագույն սցենարը՝ օդային և հրթիռային հարվածներ՝ Իրանին բանակցությունների և զիջումների հարկադրելու նպատակով։
Լիբիական սցենար. Օդային ռմբակոծություններ և հրթիռային հարձակում Իրանի վրա, որից հետո՝ քաղաքացիական պատերազմ և քաոս։ Հնարավոր է Իրանի ապակայունացում և մասնատում, քաղաքացիական, էթնիկական և կրոնական հակամարտություններ, վարչակարգի փոփոխություն կամ երկու և ավելի կառավարությունների հաստատում Իրանի տարբեր հատվածներում։ Հնարավոր է հարևան երկրների զինված խմբավորումների ներգրավում և հակամարտության տարածում տարածաշրջանի այլ երկրների վրա, օրինակ՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Աֆղանստանի։
Սիրիական սցենար. Օդային ռմբակոծություններ և հրթիռային հարձակում Իրանի վրա, որից հետո՝ հարևան պետությունների ուժերով (օրինակ՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և այլոց) «անվտանգության գոտիների» հաստատում իրանական տարածքի մի մասում, ապակայունացում, քաղաքացիական և էթնիկական պատերազմ Իրանի մնացած հատվածում։ Երրորդ ուժերի, այդ թվում՝ ծայրահեղական խմբավորումների օգտագործում Իրանի տարածքի մի մասը զավթելու համար (ինչպես արվեց Սիրիայում)։
Վենեսուելական սցենար. Իրանական վարչակարգի առաջնորդների ոչնչացում կամ առևանգում։
Իրաքյան սցենար (ամենաքիչ հավանականը). Օդային և հրթիռային հարվածներ, որին կհաջորդի ցամաքային ներխուժումը և Իրանի տարածքի զգալի մասի օկուպացիան։ Սա իրական Ապոկալիպսիս կլիներ թե՛ ամերիկացիների, թե՛ ողջ տարածաշրջանի համար։
Ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հարավսլավիային, Լիբիային կամ Սիրիային նման մի բան։
Հայաստանը պետք է շատ ուշադիր հետևի իրադարձություններին, ոչ մի դեպքում չներքաշվի հակամարտության մեջ և թույլ չտա Ադրբեջանին ու Թուրքիային տիրանալ Սյունիքին, քանի դեռ աշխարհի ուշադրությունը շեղված է դեպի Իրան։ Թեև մենք առանց այդ էլ ոչ մեկին պետք չենք։
Իսկ առայժմ մեր հանճարեղ կառավարությունը նորից զբաղված է Միշիկի, Գրիշիկի, Սաշիկի, Փաշիկի և մեր Ազգային տաղավարի (բեսեդկայի) այլ կոլորիտային կերպարների փողոցային «ռազբորկաներով»»։
