Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև
Կուբայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի թուլացած առողջապահական համակարգը փլուզման եզրին է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարումների արգելափակումից առաջ էլ կղզու առողջապահական համակարգը ճգնաժամի մեջ էր, ինչպես նաև տնտեսությունը։ Պարագաների և դեղորայքի պակասը զգացվում էր վաղուց, բայց հիմա իրավիճակը հասել է կրիտիկական կետի։
Կուբայի իշխանությունները հայտնում են, որ շտապօգնության մեքենաները դժվարանում են վառելիք գտնել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, իսկ էլեկտրաէներգիայի անընդհատ անջատումներն ավելի են վատթարացրել հիվանդանոցների գործունեությունը։
Կուբայի օդանավակայաններից կենսականորեն կարևոր պաշարներ մատակարարող չվերթները դադարեցվել են, քանի որ Հավանան այլևս չի կարող վառելիքով լիցքավորել ինքնաթիռները։ Մասնագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ էմբարգոն Կուբան ընկղմում է մարդասիրական ճգնաժամի մեջ և կոչ են անում աշխարհի առաջնորդներին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։
Կուբայի առողջապահության նախարար Խոսե Անխել Պորտալ Միրանդան հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են ոչ միայն երկրի տնտեսությանը, այլև մարդկանց անվտանգությանը։
«Դուք չեք կարող վնասել երկրի տնտեսությանը՝ առանց ազդելու նրա բնակիչների վրա։ Այս իրավիճակը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը», – ասել է Կուբայի առողջապահության նախարարը։
