Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել
Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Խաչիկ Քյարունցն ահազանգել է «Հրապարակի» խմբագրություն:
«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման նախարարին: Մինչև ե՞րբ են Տեղ համայնքի հողատարածքները և ընդերքը բռնի ձևով վերցնելու իրենց ձեռքը, ինչո՞վ է զբաղված մեր կառավարությունը»: Խնդիրը վերաբերում է Տեղի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբորը՝ Սասուն Ղուլունցին պատկանող ԱՍ ՇԻՆ 80 ՍՊԸ-ին, որին ՏԿԵ-ն դեռևս երկու տարի առաջ Տեղ գյուղին կից ավազի հանքն ուսումնասիրելու թույլտվություն էր տվել, որին մենք անդրադարձել էինք, հղումը այստեղ։
«Այս տարածքը որպես այգիներ էին օգտագործում գյուղացիները: Բռնի ձևով վերցրել են, հենց համայնքի ղեկավարը՝ այդ տարածքները գրանցելով այլ մարդկանց անուններով, սակայն ինքն է այդ տարածքները օգտագործում՝ որպես սեփականատեր: Այդ բետոնուզելն իրեն է պատկանում, և ես որպես համայնքի բնակիչ պարզաբանում եմ պահանջում պատկան մարմիններից: Ո՞վ է իրենց իրավունք տվել մեր բնակիչներից այգիները վերցնել և ո՞վ ասաց, որ այդ բետոնուզելը բնակելի տներին շատ մոտ պետք է լինի»,-ասում է Քյարունցը:
Նա հավելում է, որ ֆոնդի հողերը՝ վարելահողերը վերցրել են մարդկանցից, բայց էլի չեն կշտացել՝ հիմա էլ հերթը հասել է համայնքի ընդերքին:
«Այս արոտավայրը տներին շատ մոտ է, 2026 թվականի փետրվարի 13-ին որոշում են կայացրել ավագանու անդամների հետ միասին, որ ընդերքը սեփականացնի ԱՍ ՇԻՆ 80-ը, որը պատկանում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբորը: 22, 23, 24 փողոցները վտանգի տակ են, բնակիչները այս արոտավայրով էին յոլա գնում, անասուններ պահելով, առհասարակ, գոնե մտածո՞ւմ են, թե այդ փոշիներն ով պետք է շնչի: Միթե՞ սա կոռուպցիա չէ: Վարելահողերն ու բնակելի տները ընթացքային գործողությունների ժամանակ սողանքի տակ են հայտնվելու: Գյուղացիները այս ավազահանքից տարիներ շարունակ օգտվում էին՝ գոմ սարքելու, աստիճան, գերեզման սարքելու համար, բնակիչները հիմա այդ հնարավորությունից էլ են զրկված: Թույլ չեն տալիս մարդկանց մտնել այդ տարածքներ, որ գոնե մի բահ ավազ հանեն: Ասում են, այդ հանքը, այդ տարածքը իրենց սեփականությունն է, ասում են՝ փողը տվեք, առեք: Բայց ինչի՞ պիտի Տեղի բնակիչը մեկ ավտո ավազի համար իրենց վճարի երեսունից-քառասուն հազար գումար, եթե դրանք համայնքային հողեր են, որոնք իրենք իրենցով են արել»,-ասաց Տեղի բնակիչը:
Տարածքը պատկանում է գյուղին, իսկ ավագանիները մեկ անձի օգտին են քվեարկել, հաշվի չառնելով համայնքային հողերի առանձնահատկությունը՝ ահազանգում է բնակիչն ու հավելում, ավագանու անդամներն ուղղորդված քվեարկել են համայնքային հողերը շահագործելու հնարավորությունը տալ ՔՊ-ական համայնքապետի եղբորը՝ Սասուն Ղուլունցին, ում էլ պատկանում է վերոնշյալ ընկերությունը:
«Գյուղացիները ի՞նչ պիտի անեն, տասը, քսան, երեսուն տարի հետո ի՞նչ է լինելու: Մեր երեխաները հո պլեն չե՞ն իրենց ձեռքը, գոնե հասկանու՞մ են, թե ինչ են անում, շանտաժ, մանիպուլյացիա անելով ժողովրդից ձեռքից վերցրին համայնքային հողերը, տարածքները, արոտավայրերի, համայնքի ընդերքը, ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները սա ինչու չեն կանխում: Ավագանիները ծառայել են ոչ թե համայնքին, այլ համայնքապետին ու իր եղբորը, ո՞նց եք դուք նայելու գյուղի բնակիչների աչքերին: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Ապագա կա» կամ «ասեք՝ կանենք» և անում են»,-ասաց Տեղի վրդովված բնակիչը:
Եվ նկատեց, որ առանց այդ էլ ադրբեջանցիների դիրքերի առաջբերման հետևանքով Տեղի բնակիչներն արդեն իսկ կորցրել են հսկայական արոտավայրեր ու ցանքի հողեր, հիմա էլ հերթը հասել է բնակիչների գոյատևման վերջին երաշխիքին՝ արոտավայրը ավազի հանք սարքելուն:
«Մարդիկ ինչքա՞ն պիտի ապրեն այս սարսափելի ու թունավոր փոշով, ինչքա՞ն պիտի այդ թունավոր օդը շնչեն, ինչքա՞ն պիտի հանդուրժեն համայնքային տարածքների յուրացումը»,- հարցնում է Տեղի բնակիչը:
Սակայն, այստեղ իրապես խնդիրներ կան, նախ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունը խստիվ արգելվում է, այդ տարածքը բնակիչների կողմից որպես արոտավայր է օգտագործվել, որովհետև գյուղի արոատվայրերը թշնամու օկուպացիայի տակ են, հետևաբար այս տարածքը ավազի հանքի տակ շահագործելը կհանգեցնի բնակիչների՝ միակ արոտավայրից զրկվելուն: Մասնագետներն էլ ահազանգում են, որ այդ տարածքում հանքի շահագործումը շարունակելու դեպքում տարածքում սողանքն անխուսափելի է լինելու և Աստված մի արասցե, սողանքի հետևանքով կրած վնասների ու մարդկային զոհերի համար, ո՞վ է պատասխան տալու:
Հայկա Ալոյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ hraparak.am-ում
