Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Մայր Աթոռի դեմ գործողությունների ակտիվ արշավի մեկնարկից հետո՝ 2025 թվականի մայիսի վերջից, տարբեր առիթներով անդրադարձել եմ ստեղծված իրավիճակին, ներքին ու արտաքին մոտիվներին, մղումներին, պատճառներին եւ այլն:
Այդ համատեքստում, շատ անգամներ անդրադարձել եմ նաեւ այն հայտարարությունների եւ կոչերի հանգամանքին, որոնք ուղղված են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կտրուկ քայլերի մղելու, հարցադրումներին՝ թե ինչու՞ «զանգեր չեն խփվում», կամ ինչու՞ մոբիլիզացիայի կոչեր չեն արվում, չեն արվում անհապաղ կարգալույծ անելու քայլեր եւ այլն:
Այդ իմաստով հենց սկզբից դիտարկել եմ, որ այդպիսի վարքագիծը կլինի ծուղակ, այն ծուղակը, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին փորձում է ներքաշել Նիկոլ Փաշինյանը: Դրան ի պատասխան, Գարեգին Երկրորդը գոնե առ այսօր չմտավ այն դաշտ, որը Նիկոլ Փաշինյանի տարերքն է, եւ համբերատար ու սառնասիրտ մնաց գերազանցապես եկեղեցական հարաբերությունների դաշտում: Ըստ էության, բազմափորձ Գարեգին Երկրորդը պայքարի դուրս եկավ ոչ թե Փաշինյանի, այլ ըստ էության նրա գործողությունների հետեւանքի դեմ:
Հաճախ է ասվում, որ հետեւանքը հաղթահարելու համար պետք է հաղթահարել պատճառը: Այս դեպքում Կաթողիկոսը գործեց ասիմետրիկ սառնասրտությամբ, թերեւս բոլորից լավ պատկերացնելով, որ ՊԱՏՃԱՌԸ շատ ավելի մեծ է՝ քան նույնիսկ Փաշինյանի իշխանությունը, եւ եկեղեցին չունի դրա դեմ առճակատման դուրս գալու հնարավորություն, օբյեկտիվորեն չունի: Հետեւաբար ուժն այդտեղ լինելու էր ոչ թե ստանդարտ «աքսիոմով» գնալը, այլ ասիմետրիկ կարգով՝ ոչ մի միլիմետր դուրս չգալով եկեղեցական կարգից:
Ավստրիայում եպիսկոպոսների ժողովը Մայր Աթոռի համար այդ ճանապարհի հաջողության մի էական կանգառ էր: Այդ իմաստով մի քանի անգամ գրել եմ, որ Գարեգին Երկրորդը ոչ միայն ամենից լավ գիտե ներեկեղեցական հարաբերությունների կառուցվածքը, օրգանականությունը, բանաձեւերը, այլ նաեւ ընդհանրապես հայաստանյան եւ սփյուռքյան իրողություններին ամենից լավ տիրապետող գործիչներից է: Գրել եմ, բացատրելով, որ նա ըստ այդմ խնդիրների լուծումը դիտարկելու է հենց ներքին քննարկումների տրամաբանության մեջ, որովհետեւ այդտեղ կարող է պահել իր կաթողիկոսական լեգիտիմությունը: Եթե նա կորցնի այդ լեգիտիմությունը այդտեղ, եթե նա գնա իրավիճակի «ավտորիտար» կառավարման տրամաբանությամբ՝ անմիջապես պատժելով իր դեմ դուրս եկողներին, փլվելու է նրա լեգիտիմությունը եկեղեցու ներսում, որից հետո դրսում իր դիրքերի փլուզումը լինելու է տեխնիկայի հարց:
Այս բանաձեւով է, որ Գարեգին Երկրորդը առնվազն մինչ այս պահը իր դիրքում է ոչ միայն նոմինալ, այլ նաեւ ինստուտուցիոնալ իրադրության կառավարելիության ապահովման իմաստով: Դա չափազանց բարդ ու մանրակրկիտ աշխատանքի խնդիր է, իսկ իրավիճակը՝ նաեւ նյարդերի անընդհատ պայքար, հետեւաբար այստեղ ցանկացած հաջորդ պահի կարող է փոխվել իրավիճակ: Բայց առայժմ, որքան էլ հնչի տարօրինակ, Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը»:
