ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռների կալանման մասին
ԱՄՆ Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) փետրվարի 19-ին «հայտնաբերել և հետևել է» ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչի, երկու Սու-35 կործանիչի և մեկ A-50 ռադիոլոկացիոն կառավարման ինքնաթիռի, որոնք «գործում էին Ալյասկայի օդային պաշտպանության նույնականացման գոտում»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X սոցիալական հարթակում NORAD-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հրամանատարության՝ երկու F-16, երկու F-35, մեկ E-3 և չորս KC-135 մարտական ինքնաթիռներ օդ են բարձրացել՝ ինքնաթիռները «կալանելու, դրականորեն նույնականացնելու և դրանք մինչև Ալյասկայի օդային պաշտպանության նույնականացման գոտուց դուրս գալն ուղեկցելու համար»։
2025 թ․ օգոստոսի 15-ին նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Ալյասկայում՝ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը քննարկելու համար։
Այդ ժամանակվանից ի վեր պատերազմը դադարեցնելու ջանքերում, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առաջընթացը մեծ չէ։BBC-ն նշում է, որ ռազմական ինքնաթիռների կալանումները տեղի են ունենում պարբերաբար և չեն վկայում իրավիճակի սրման մասին։
