Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի օգնության փաթեթին
Ադրբեջանը չի պլանավորում մասնակցել Գազայի հատվածի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթին, որի մասին հայտարարվել է Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
Այս մասին X հարթակի իր էջում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը, որպես հիմնադիր անդամ պետություն, աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։
Ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայի ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի միջոցով։
Մասնավորապես, կցանկանայի պարզաբանել մեկ կետ. Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել Գազային առնչվող 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական նախաձեռնությանը, որի մասին հայտարարվել է Խաղաղության խորհրդի այսօրվա (խմբ.՝ փետրվարի 19-ի) նիստում», – նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մի խումբ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, ավելի քան 7 միլիարդ դոլար են ներդրել Գազայի հատվածի վերականգնմանն ուղղված օգնության փաթեթում։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը միասին ավելի քան 7 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել։ Սա հրաշալի է», – ասել էր ԱՄՆ նախագահը՝ յուրաքանչյուր ծախսված դոլար անվանելով «կայունության մեջ ներդրում»։
Փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայացել է Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։
