Արցախցի գործարարներից շատերը փորձում են մանևրել, հանրային ձևով եմ անդրադառնալու նրանց. Արցախի պետնախարար
Արցախցի գործարարների ցանկից, որ ես հրապարակել էի, որոնք չէին միացել «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամին աջակցություն ցուցաբերելուն, մեկ-երկու հոգի արձագանքել են, մնացածը՝ փորձում են մանևրել։ Առաջիկայում, հանրային ձևով, ես այդ մարդկանց անդրադառնալու եմ, որովհետև այլ տարբերակ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ այլ մարդկանց էլ է դիմել Էլի և սպասում է դրական նորությունների։
«Պարզ է, որ հիմնադրամի միջոցով անհնար է բոլոր արցախցիների խնդիրները լուծել, բայց փորձում ենք գոնե որոշների խնդիրները թեթևացնել»,- ընդգծեց Ն. Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, Արցախի պետնախարարը հայտարարել էր, որ ելնելով արցախցիների հանրային պահանջից, դիմել էր արցախցի գործարարներին, որպեսզի աջակցեն ծանր վիճակում գտնվող հայրենակիցներին։ Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արման Հակոբջանյանի, Բարսեղ Բեգլարյանի, Հակոբ Հակոբյանի, Կամո Աղաջանյանի, Արթուր Աղաբեկյանի, Կոմիտաս Կարապետյանի, Արթուր Պետրոսյանի, Վարդան Բալայանի, Անդրանիկ Խաչատրյանի, Միքայել Աթայանի, Վազգեն Միքայելյանի, Արշավիր Ղարամյանի, Մովսես Հակոբյանի, Իվան Ավանեսյանի մասին է։
