ՀՀ գործող վարչակազմն իր լռությամբ փաստացի համաձայնվում է Ալիևի հետ՝ դառնալով նրա հանցակիցը. «Միասին» շարժում
Ի․ԱԼԻԵՎԻ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆ Ե՛Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ, ԵՎ՛ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայկական Նյուրնբերգի ահից սպառնալիքներ հնչեցնելը չի փրկելու
Օրերս France 24-ին տված տխրահռչակ հարցազրույցում մարդկության դեմ հանցագործություն՝ Արցախի բնիկ հայ բնակչության հանդեպ ցեղասպանություն գործած Իլհամ Ալիևը, որը Ադրբեջանը կոռուպցիայի մեջ խրված բռնապետություն դարձրած վարչակազմի պարագլուխն է, Բաքվի ապօրինի դատավարությունների ընթացքում ցմահ բանտարկությունից մինչև 20 տարի ազատազրկման դատապարտված հայ պատանդներին, որոնք միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքը իրացրած և իրավական բոլոր ընթացակարգերով անկախ պետություն կառուցած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ազգային-ազատագրական պայքարի տարբեր տարիների առաջնորդներն են, համեմատել է Երկրորդ աշխարհամարտից հետո Նյուրնբերգյան դատավարություններում դատապարտված նացիստ հանցագործների հետ և ՀՀ ներկայիս ղեկավարների կողմից որևէ պատասխանի չի արժանացել։ «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ՀՀ գործող վարչակազմն իր լռությամբ միջազգային հանրության առջև փաստացի համաձայնվում է Իլհամ Ալիևի հետ՝ դառնալով նրա հանցակիցը՝ լռելով և չբացահայտելով Արցախի հայ բնակչության դեմ գործված ցեղասպանությունը, հայ պատանդների խոշտանգումներն ու անարդար դատավճիռները, ողջ Հայաստանի Հանրապետությունը հավասարեցնելով նացիստական Գերմանիայի հետ՝ դրանից բխող բոլոր ոչ միայն բարոյահոգեբանական, այլև իրավաքաղաքական ծանրագույն հետևանքներով։ «Միասին» շարժումը Իլհամ Ալիևին և միջազգային հանրությանը հիշեցնում է, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական ջարդերը 20-րդ դարում սկսվել են 1988-1990 թթ․ Սումգայիթի, Գանձակի, Բաքվի մարդկության դեմ հանցագործություններով, ապա շարունակվել 1991-94 թթ․ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական ագրեսիայով Արցախի ինքնորոշվող խաղաղ բնակչության հանդեպ, որը ստիպված էր զենքով պաշտպանել հայրենիքում ապրելու իր անկապտելի իրավունքը։
Իրավական և քաղաքական տեսանկյունից առանցքային է միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի 2023 թ․ օգոստոսի 7-ին հրապարակված զեկույցը, որտեղ միարժեք արձանագրված է Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված շարունակական ցեղասպանությունը, 2020-2023 թթ․ ադրբեջանական ռազմական ագրեսիան ու ահաբեկչությունը, դաժան շրջափակումը, որը չկանխվեց, և 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ավարտվեց Արցախի 150 հազար հայ բնակչության էթնիկ զտմամբ, Արցախի լիակատար հայաթափումով։ Այս զեկույցում նշվում է, որ բացի նախագահ Իլհամ Ալիեւից, հայերի դեմ հանցագործության համար միջազգային քրեական հետապնդման են ենթակա նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւը, պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար Միսիր Ալիեւը, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ֆարիդ Շաֆիեւը։ Այսինքն՝ արդեն հստակ է, որ հանցագործն ապագայի ահից շտապում և ամենաբարձրն է գոռում՝ բռնել եմ «հանցագործների»՝ իրականացնելով հաշվեհարդար անմեղ հայ մարդկանց հանդեպ։ «Միասին» շարժումը հիշեցնում է նաև երեկ հրապարակված Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսի գնահատականը, որը, Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ մեղադրյալների գործի քննությունը Բաքվի ռազմական դատարանի կողմից համարում է անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ՝ որակելով որպես ֆարս և վիրավորանք հանցագործությունների բոլոր զոհերի համար։ «Միասին» շարժումն արձանագրում է, որ Ի․ Ալիևի վարչակազմի բոլոր գործողությունները փաստագրված են և՛ հայ ժողովրդի, և՛ միջազգային ատյանների կողմից։ Հայկական Նյուրնբերգի ահից սպառնալիքներ հնչեցնելը չի փրկելու։ Հայ գերիները պետք է ազատ արձակվեն, և ինչպես Լուիս Մորենո Օկամպոն է բանաձևել․ «Արցախի ժողովրդին պաշտպանելը պայքար է հանուն քաղաքակրթության»։
«Միասին» շարժման համակարգող խորհուրդ
