Մուշեղը մեղսունակ է. նոր մանրամասներ էքստրասենսի սպանությունից
«6-րդ զգայարան» նախագծի մասնակից, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի համալիր հոգեբուժական-հոգեբանական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է: Փորձագետը փաստում է, որ մարդասպանության մեջ մեղադրվողը հոգեպես առողջ է և մեղսունակ: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ փորձագիտական եզրակացությունը սովորական եզրակացություն է համալիր, որտեղ պարզաբանվել է, որ Մխիթարյանը զգայական շատ բարձր դաշտ ունի, բայց հոգեկան առողջությունը նորմալ է ու շեղումներ չկան: «Ուղղակի հոգեբանական տիպ է դա, որին բնորոշ է հուզականության, զգայականության մեծ, բարձր աստիճանը, հետևաբար հանգել են եզրակացության, որ հոգեպես առողջ է և մեղսունակ»,-իրավական հարթությունից` պարզաբանեց փաստաբանը: Փաստաբանը չի կարող ասել, թե եզրակացությունը ինչ անդրադարձ կարող է ունենալ գործի ընթացքի վրա: Մարինե Ֆարմանյանը խոստացավ այս առնչությամբ մանրամասնել ավելի ուշ: Պաշտպանը գտնում է, որ Մուշեղ Մխիթարյանը նորից պետք է ստուգվի, բայց նա չի հավաստում, որ Մուշեղը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Աստղիկ Ավագյան
