Աջափնյակում կրակոցներից տուժած անձանց վիճակը կայուն է, մեկը դուրս է գրվել, ԲԿ-ում մնացել է 5 վիրավոր
«Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ երեկ իրենց մոտ տեղափոխված անձանց վիճակը գնահատվում է ստաբիլ։
«Ծանր և ծայրահեղ հիվանդ այս պահին չունենք, վիրահատություններից հետո կայունացել են։ Մեկը նույնիսկ դուրս է գրվել, այս պահին հիվանդանոցում կա 5 հոգի, բոլորը ռեանիմացիոն բաժանմունքից այսօր կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ»,- ասաց Կուրղինյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 16։00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Կան վիրավորներ և մեկ զոհ։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
24News-ի հարցին, թե արդյոք կա՞ն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ՔԿ-ից նշեցին, որ այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։
Հասմիկ Սարգսյան
