Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու հայտ է ներկայացնում
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը համոզված է, որ Վարդան Օսկանյանի նոր կուսակցության ստեղծման հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: «Ո՞վ է այդ մարդու հետեւում՝ դա իմ ենթադրությունն է, եւ կարծում եմ, իմ ենթադրության առումով ես բացարձակ օրիգինալ չեմ: Հասարակության եւ լրատվական դաշտի 99.9 տոկոսը Վարդան Օսկանյանի հետեւում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին, ու այստեղ ապացուցելու որեւէ խնդիր չունեմ»,-Հայելի.аm-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ Վարդան Օսկանյանը և Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտ վերադառնալու հայտ են ներկայացնում: «Այս ամենը անթույլատրելի է, բայց հավանականությունը մեծ է»,-ընդգծեց Արամ Սարգսյանը: Սարգսյանը տեղեկացրեց, որ 2017 թվականին իր կուսակցությունը կփորձի մանդատներ ունենալԱզգային ժողովում: «2017-ի ընտրությունները ավելի ակտիվ են լինելու, քան մինչ այս եղած բոլոր ընտրությունները: Թող հույս չունենան, որ դրանից հետո ժողովուրդը փողոց դուրս չի գալու: Վստահաբար, մենք մասնակցելու ենք: Բոլոր այն քաղաքական ուժերը, ում հետ ունենք գաղափարական ընդհանրություններ, ովքեր չեն մասնակցել Մարտի 1-ի ոճրագործությանը և դրանից հետո մաս չեն կազմել այս իշխանությանը՝ արդարացնելով նրանց՝ մենք կարող ենք համագործակցել»,-եզրափակեց Արամ Սարգսյանը: Աստղիկ Ավագյան
